ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ Իվիցա Դաչիչի կողմից նախօրեին Երեւանում հնչեցրած հայտարարությունը, թե Ադրբեջանն առաջարկ է ներկայացրել իրեն՝ Մինսկի խմբի համանախագահների կազմն ընդլայնելու եւ Թուրքիային ու Գերմանիային ներգրավելու մասին, բավականին ուշագրավ էր: Իհարկե, Դաչիչը նշել էր, թե դա նոր առաջարկ չէ, եւ դրա իրականացման համար անհրաժեշտ է կոնսենսուս, այդուհանդերձ, ինքնին փաստը, որ Մինսկի խմբի ֆորմատի փոփոխության հարցը օրակարգ է բերվում ԵԱՀԿ գործող նախագահի կողմից, այն էլ Երեւանում, պետք է որ որոշակի մտահոգության տեղիք տա:
Մինչդեռ Դաչիչի հայտարարությունից անմիջապես հետո հայկական կողմը ամենատարբեր մակարդակներով շտապեց հայտարարել, թե լուրջ չի մոտենում այս առաջարկի իրագործման հավանականությանը, թե դա Ադրբեջանի վաղեմի երազանքն է, որի իրագործումը, սակայն, անհնար է: Դա, իհարկե, այդպես է` Ադրբեջանը տարիներ շարունակ իր մեծ եղբոր` Թուրքիայի հետ զգալի ջանքեր է գործադրում՝ բանակցային ֆորմատում թուրքերին ներգրավելու համար: Ընդ որում, դատելով Վիկիլիքսի կողմից հանրայնացված փաստաթղթերից՝ այդ հարցը նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կողմերի միջեւ քննարկված կարեւոր խնդիրներից մեկն է եղել, եւ, որ ուշագրավ է, Սերժ Սարգսյանը ամերիկացի դիվանագետների հետ զրույցում կարծիք է հայտնել, թե Թուրքիան կարող է լինել չեզոք միջնորդ: Ինչեւէ, հայ-թուրքական գործընթացի տապալումից հետո մի որոշ շրջան այդ հարցը հանվել էր օրակարգից:
Սակայն Ադրբեջանի` հետզհետե ավելի ու ավելի անզիջում դարձող պահվածքի արդյունքում տեղապտույտի մեջ հայտնված Ղարաբաղի բանակցային գործընթացն այսօր արդեն մտել է փակուղի, որից դուրս գալու համար անհրաժեշտ է նշանակալի փոփոխություն կատարել կա՛մ բանակցվող փաստաթղթում ամրագրված սկզբունքներում, կա՛մ առնվազն բանակցային ձեւաչափում: Հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում է ռազմական գործողությունների վերսկսմամբ, որը, բնականաբար, տարբերակներից ամենաանցանկալին է բոլոր կողմերի համար:
Այս առումով պատահական չէր, որ 3 ամիս առաջ ԵԱՀԿ միջնորդները հայտարարեցին Մինսկում ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների հավաք անցկացնելու անհրաժեշտության մասին, որի հիմնական խնդիրը բանակցային աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերի քննարկումը պետք է լիներ: Առ այսօր այդ հանդիպումը չի կայացել, սակայն դատելով Ռաչիչի հայտարարությունից` չի բացառվում, որ այն առաջիկայում կազմակերպվի, ե՛ւ այստեղ՝ Հայաստանի, ե՛ւ ԼՂՀ-ի վրա ճնշումները կարող են զգալիորեն մեծանալ:
Իհարկե, առանց ՀՀ համաձայնության ՄԽ ներկայիս եռանախագահությունն անհնար է փոխել, սակայն ինչպես հայտնի է՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ ցակության դեպքում միջնորդները կարող են գտնել ՀՀ վրա ճնշումներ բանեցնելու այնպիսի ձեւեր, որոնց արդյունքում անհրաժեշտ կոնսենսուսը, ի վերջո, կկայանա: