Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կաննի փառատոնների պալատում մասնակցել է «Միդեմ-2015» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է փառատոնի տաղավարներով, այցելել պատվավոր հյուրի կարգավիճակով այս տարի փառատոնին մասնակցող Հայաստանի տաղավար, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի տաղավարներ: Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է «Հայաստանի պուրակ»:
Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնառի, արարողությանը հրավիրված պաշտոնատար այլ անձանց և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և հանուն Ֆրանսիայի զոհված հայորդիների հիշատակին` ՀՀ Նախագահը և Կաննի քաղաքապետը ծաղկեպսակներ են դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: