Այսօր լրանում է «Վարդերի հեղափոխության» իններորդ տարեդարձը: 2003թ. կարմիր վարդերով Վրաստանի խորհրդարան մտած ընդդիմությունը փոխեց ոչ միայն երկրի կառավարման համակարգը, այլեւ Վրաստանի կողմնորոշումն ու ապագայի տեսլականը: Անցած ինը տարիների ընթացքում երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրում իրականացրեց այնպիսի բարեփոխումներ, որոնք շատ հաճախ տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում եւ մեր կողմից մատնանշվում էին իբրեւ ընդօրինակման արժանի: Այդուհանդերձ, ինչպես ցույց տվեցին վերջին խորհրդարանական ընտրությունները, այդ ամենը չգոհացրեց վրաց ժողովրդին, որն իր ձայների մեծամասնությունը տվեց ընդդիմությանը` այդպիսով, ըստ էության, անբավարար գնահատելով Սահակաշվիլու կատարած աշխատանքը: Եվ հիմա՝ ընդամենը ինը տարի անց, Վրաստանում «Վարդերի հեղափոխությունն» այլեւս չի համարվում համազգային տոն. այս տարի առաջին անգամ այդ օրը որեւէ տոնական միջոցառում չի լինելու: Երեկ էլ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, իր առաջին ասուլիսում Բիձինա Իվանիշվիլին խոսել է անգամ Սահակաշվիլուն ձերբակալելու մասին, նա մասնավորապես ասել է. «Անձամբ ես չեմ ցանկանում Սահակաշվիլու ձերբակալությունը եւ կարծում եմ` հանրությունը նույնպես նման ցանկություն չունի, բայց եթե դատախազությունը կոնկրետ գործեր ներկայացնի երկրի բարձրագույն ղեկավարների դեմ, ես չեմ միջամտի ու այդպիսի գործերը չեմ փակի»: Սա շատ է հիշեցնում մեր իշխանությունների պնդումներն առ այն, որ, օրինակ, Վարդան Օսկանյանի նկատմամբ հարուցված գործին իրենք չեն կարող միջամտել, քանի որ մեր երկրում դատական համակարգն անկախ է: Ամբողջ հարցը, սակայն, այն է, թե ինչու այդ նույն դատախազությունը չէր մտածում Սահակաշվիլու ձերբակալության մասին սրանից ընդամենեը 3 ամիս առաջ: Եվ ինչպես Ուկրաինայում Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ իրականացված քաղաքական հաշվեհարդարը, այնպես էլ Վրաստանում Սահակաշվիլու թիմակիցների եւ արդեն անձամբ նրա նկատմամբ ուրվագծվող հաշվեհարդարի հեռանկարը կասկածի տակ են դնում այն իրողությունը, որ 2003թ. նարնջավարդագույն հեղափոխությունները որեւէ արդյունք են տվել այդ երկրներում իրական ժողովրդավարության հաստատման գործում: Հարեւան երկրում ծավալվող գործընթացներն ավելի շատ գալիս են հաստատելու «Քարնեգի» հիմնադրամի Հարավային Կովկասի գծով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի շատ դիպուկ բնորոշումն այն մասին, որ Վրաստանում տեղի ունեցածը «ակամա ժողովրդավարություն» էր: Իսկ ակամա կամ դրսից թելադրված հեղափոխությունները, ինչպես տեսնում ենք, շատ կարճ կյանք են ունենում:
ԱԿԱՄԱ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ