Զինվորի հայրը վստահ է` ինքնասպանությունը «սարքել են». ինչո՞ւ է ՊՆ-ն սխալ հրապարակել մահացած զինծառայողի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 11-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Էդուարդ Մելքումյանի հայրը` Գենադի Մելքումյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր որդին ինքնասպան չի եղել, պարզապես այդպես «սարքել են»:
Նշենք, որ դեպքը տեղր էր ունեցել մարտական դիրքում, ժամը 01:30-ի սահմաններում: Ըստ նախնական տվյալների՝ Էդուարդն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրել է մահացու հրազենային վնասվածք:

Մահացած զինվորն ապրում Էր Արցախի Հանրապետության Բերձոր համայնքում: Էդուարդի ծառայության ավարտին մնացել էր ընդամենը երկու շաբաթ, եւ անհասկանալի է, թե ինչը կարող էր դրդել նրան գնալ այդ քայլին: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք մահացած զինվորի հոր՝ Գենադի Մելքումյանի հետ:

Նախ` նա նշեց, որ դեպքից երկու օր առաջ խոսել է որդու հետ.«Ես սովորաբար այդքան երկար հեռախոսով իր հետ չէի խոսում, հիմնականում մայրն էր խոսում, ու ես լսում էի, որ ոչ մի խնդիր չունի: Ախր, շատ ուրախ-ուրախ խոսեց հետս: Ավելին ասեմ` ընդամենը երկու օր էր մնացել, որ դիրքերից իջներ ու …»:

Գենադի Մելքումյանի խոսքով` ծառայության ընթացքում չի եղել մի դեպք, որ Էդուարդը զորամասի հրամանատարության կամ ծառայակից ընկերների հետ խնդիրներ ունենար. «Նա այդ տղան չէր, որ պրոբլեմներ ստեղծեր կամ խնդիրներ ունենար»:
Հարցին, թե արդյո՞ք զինվորը վնասվածքը ստացել է հենց ծնոտի շրջանում, հայրը չցանկացավ պատասխանել, միայն նշեց, թե վստահ է, որ իր որդին չէր կարող ինքնասպան լինել.«Այս ամենը սարքել են, այսքանը կասեմ»:
Թե ում էր պետք իր որդուն ինքնասպանության հասցնելը կամ սպանելը, զինվորի հայրն առայժմ չի կարող ասել:

Իսկ, ահա, Էդուարդի քույրը՝ Լիաննա Մելքումյանը, առավել համարձակ գտնվեց եւ եղբոր հետ տեղի ունեցածի մասին որոշ մանրամասներ հայտնեց :
Ըստ Լիաննայի` դեպքից ժամեր առաջ եղբայրը «Facebook» սոցիալական ցանցում լուսանկարներ է հրապարակել.«Ինձ հետ դեպքից առաջ խոսել է. ասաց, թե քուր, մի հատ հետաքրքրվի Խաչատուր Աբովյանի մանկավարժական համալսարանում ընդունելությունը երբ է, քիչ է մնացել, որ գամ, ուզում եմ դիմել` բուհ ընդունվելու համար: Ես էլ պատասխանեցի, որ որեւէ խնդիր չկա, իրեն նոր մեքենա էինք գնել: Ուզում եմ ասել, որ ոչ մի պարտք կամ ընտանեկան խնդիր մենք չենք ունեցել, եւ առավել եւս ինքը զորամասում որեւէ մեկի հետ խնդիր չի ունեցել, քանի որ խաղաղասեր էր ու ոչ մեկի չէր նեղացնի: Ախր, սիրած աղջիկ էլ չուներ, որ ասեմ՝ դրա համար գնաց այդ քայլին, չկա նման բան»:

Ըստ զինվորի քրոջ` իրենց ասել են, թե զենքը մաքրելու պահին է տեղի ունեցել կրակոցը. «Մենք չենք հավատում այդ վարկածին, ինչո՞ւ պետք է զինվորը գիշերը՝ ժամը 1:00-ի սահմաններում, զենք մաքրի: Ավելին՝ ասում են, թե իբր պետքարանի մոտ է եղել դեպքը, եթե այդպես է, ապա զինվորները պետքարան գնալիս ուղեկցող ունեն, մենակ չեն գնում, ուրեմն նրա հետ մարդ է եղել, թող պարզեն՝ ով է: Ձեզ ավելին ասեմ՝ եղբորս աչքերի հատվածում կապտուկներն են եղել, չգիտենք՝ դա հարվածի հետեւանքով է, թե այլ բան կա, իսկ այտերից մեկը քերծված է եղել:

Մենք շատ վատ վիճակում ենք, եւ ինչ էլ ասեն, չենք կարող հավատալ, որ ծառայությունը լավ անցկացրած զինվորը, որը ամենուշը երկու շաբաթ հետո պետք է ավարտեր ծառայությունը, կարող էր գնալ այդ քայլին: Սա սարքեցին, բայց թե ինչո՞ւ, այդ հարցն է մեզ տանջում: Մեզ համար տարօրինակ էր նաեւ, որ ՊԲ-ն եղբորս անուն, ազգանունը լրատվությամբ սխալ էր տվել: Գրել էին, թե մահացել է Էդգար Մելքոնյանը, մինչդեռ նա Էդուարդ Մելքումյանն էր: Ինչ ասեմ, այս դեպքը ոտքից գլուխ առեղծված է մեզ համար»:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) :

Վերջում հիշեցնենք, որ սա այս տարվա ընթացքում ԼՂՀ ՊԲ-ում զինվորներին ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ հարուցված միակ քրեական գործը չէ: 2015թ փետրվարի 28-ին ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում մահացել էր ժամկետային զինծառայող Ալբերտ Սաֆարյանը: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ զինծառայողն ինքն իրեն ստորին ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածք էր հասցրել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Ալբերտը Երեւան քաղաքի բնակիչ էր, եւ նրա հարեւաններն ու հարազատները նույնպես վստահեցնում էին, որ չեն հավատում պաշտոնական վարկածին, թե տղան ինքնասպանություն է գործել:

Իսկ, ահա, մայիսի 8-ին` ժամը 15:10-ին, ԼՂՀ ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Ղամբարյանը: Նրա մահվան դեպքի առթիվ եւս հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Եվ դարձյալ զինվորի հարազատները պնդում են, որ նա ինքնասպան լինել չէր կարող: Այսպիսով՝ այս տարվա 6 ամիսների ընթացքում երեք զինվորների մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հատկանիշներով 3 քրեական գործեր են հարուցվել: Երեք զինվորների հարազատներն էլ վստահեցնում են, որ տղաները չէին կարող ինքնասպան լինել, իսկ ձեռագիրը գրեթե նույնն է. զինվորները մահացու վիրավորումը ստանում են ծնոտին արձակված կրակոցից:

Քնար Մանուկյան




Լրահոս