ՀՀ Սյունիքի մարզի Թանահատ գյուղում նորածին երեխայի ճիչ լսվել է մոտ 12 տարի առաջ: Թանահատցիներն առանց այդ էլ ծանր սոցիալական պայմաններում են ապրում եւ մի կերպ կարողանում կոմունալ վարձերը վճարել, հիմա էլ էլէներգիայի թանկացման արդյունքում կանգնելու են նոր խնդրի առաջ:
Գյուղի խնդիրների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ Սյունիքի մարզի Թանահատի գյուղապետ Արսեն Օհանյանի հետ:
-Պարո՛ն Օհանյան, քանի՞ բնակիչ ունի Թանահատը:
-Այս պահին գյուղում ապրում է 22 բնակիչ: Ծերացող ընտանիքներն են միայն գյուղում: Պատկերացրեք, որ վերջին անգամ գյուղում երեխա ծնվել է մոտ 12 տարի առաջ: Այստեղ ամեն ինչ բարդ է: Ժամանակին բոլոր պետական ատյաններին դիմեցինք՝ դպրոց բացելու խնդրանքով, բոլոր հարմարություններն ունեինք, բայց ոչ ոք չընդառաջեց: Եւ դպրոց չունենալը մեր գյուղի համար ճակատագրական եղավ: Գյուղում եթե դպրոց չլինի, այդտեղ երեխա կծնվի՞: Ով խելոք է, գնում է ու լավ տեղերում բնակություն հաստատում:
-Ինչո՞վ են զբաղվում թանահատցիները:
-Անասնապահությամբ, հողագործությամբ: Տնամերձ հողեր ունեն, դրանց մշակությամբ են զբաղվում: Մեր գյուղը շատ տխուր գյուղ է, խնդրում եմ հանկարծ չայցելեք:
-Եկամտի ի՞նչ աղբյուր ունեն գյուղացիները:
-Թանահատցին կարողանում է գոնե մի քիչ գումար աշխատել ուշ աշնանը, երբ անասուն է մորթում կամ կարտոֆիլ վաճառում: Իսկ թե ընթացքում նա ինչպես է կարողանում կոմունալ վարձերը փակել, դա այլ հարց է: Մարդիկ ոնց են գլուխ հանում այդ ամիսներին, զարմանալի է: Եթե մի տուն թոշակառու կամ նպաստառու ունի, ուրեմն այդ ընտանիքը երջանիկներից է կամ հրաշք, ապահով ընտանիք է: Դե, թոշակով հիմնականում մարդիկ կոմունալ՝ ջրի եւ էլէներգիայի վարձերն են վճարում:
-Ինչպես գիտեք` օգոստոսի 1-ից էլեկտրաէնեգիան 7 դրամով (16 տոկոսով) կթանկանա: Այս նորությունն ինչպե՞ս ընդունեցին գյուղացիները:
-Լավ բան չեն մտածում: Քո կարծիքով ինչպե՞ս պետք է ընդունվի այս նորությունը: Գիտեք՝ ներկայիս պահին գյուղացին մտածում է միայն անասնակեր ու իր համար վառելիք հավաքելու մասին, որպեսզի ձմռանը ինքը տաք տեղ ունենա, իսկ անասունն էլ սոված չմնա: Ինքը ժամանակ չունի այլ հարցերով զբաղվելու:
-Իսկ գյուղում շատե՞րն են մեծ քանակությամբ էլէներգիա սպառում:
-Հիմնականում էլէներգիայով կաթի մշակում են կատարում: Ճիշտ է՝ այս սեզոնին հոգնած են լինում ու չեն կարողանում հեռուստացույց նայել, բայց, միեւնույն է, ամսական մեծ քանակությամբ էլէներգիա են ծախսում: Այնպես որ, լավ բան չկա ասելու:
-Գյուղացիներն արդեն հաշտվե՞լ են էլէներգիայի առաջիկա թանկացման հետ:
-Երեւի շատերը չգիտեն էլ այդ մասին: Ժամանակ չունեն հեռուստացույց նայեն, հոգնած են լինում: Բայց եթե գյուղի փողոցներով քայլեք ու տեսնեք երկու հոգու կանգնած զրուցելիս, ուրեմն այդ թեմայով են խոսում: Բայց, եթե մեր Կառավարությունն ասում է՝ այդպես ենք որոշել, մարդիկ էլ այդ հոգեբանությամբ են ապրում:
-Գազաֆիկացվա՞ծ է գյուղը:
-Ո՛չ: Երեւի այն միակ բախտավորներից ենք, որ գազ չունենք:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ