ԾԱԽՎԵ՞Լ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 21-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի որդին՝ Հակոբ Բարսեղյանը, ռետինե մահակով (դուբինկայով) դաժանաբար ծեծի էր ենթարկել նույն քաղաքի երիտասարդ բնակիչ Սահակ Սահակյանին: Երեկ լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, թե Սահակ Սահակյանը Հակոբ Բարսեղյանի հարազատն է, ու նրանք ընկերներով կատակ են արել, ինչի արդյունքում Սահակը վնասվածք է ստացել: «Կատակով ձեռքս գցեցի Արմանի վզովը եւ քաշեցի իմ կողմը, գլուխը կպավ ծնոտիս, ցավ զգացի, սկզբում ինձ թվաց՝ ատամս է: Երբ ատամս շարժեցի, թեթեւ արյուն եկավ, ասեցի՝ բայց ոնց որ մենակ ատամս չի, լավ չէի հասկանում՝ ատամս էր շարժվում, թե ծնոտս: Մեր հիվանդանոցում ստուգեցին, պարզվեց, որ ծնոտս է կոտրվել»,-նշել է Սահակը:
Մի կողմ թողնելով հեքիաթը, որ ձեռքը վզով գցելու հետեւանքով երիտասարդի ծնոտը կոտրվել է, կենտրոնանանք փաստի վրա: «Ժողովուրդ»-ի աղբյուրները շարունակում են պնդել, որ Սահակն ու Վարուժան Բարսեղյանի ընտանիքը ոչ մի ազգակցական կապ չունեն: Եւ իսկապես, քաղաքապետի որդին դաժանաբար ծեծի է ենթարկել Սահակին այն բանի համար, որ իրենից «ցածր» տղան փորձել է նկատողություն անել, թե «մեքենադ արագ մի՛ քշիր»: Ավելին, տեղեկացանք, որ ծեծին ներկա է եղել նաեւ նույն քաղաքի բնակիչ Տիգրան Սիմոնյանը, որը քաղաքապետի որդու մտերիմ ընկերներից է: Իսկ կռիվը տեղի է ունեցել Վարուժան Բարսեղյանին պատկանող գազալցակայանի հարեւանությամբ, որտեղ շատ մարդիկ են հավաքված եղել, ու բազում ականատեսներ կան: Իսկ ինչ վերաբերվում է Սահակ Սահակյանին, ապա նրան 4 ժամ վիրահատել են: Ու քանի որ մենք բացահայտել էինք կատարվածը, քաղաքապետն այնպես է «կազմակերպել», որ ծեծվածն արագ տեղափոխվի տուն՝ բուժումը շարունակելու համար: Հավելենք, որ Սահակի բուժման ծախսերը քաղաքապետն իր վրա է վերցրել՝ այդպիսով «փակելով» ծեծվողի հարազատների «բերանը»:




Լրահոս