ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ՝ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԶՈՀ
«Միսս Սինալոա նահանգ-2012» Մարիա Սուսանա Ֆլորես Գամեսը դարձել է իրավապահների ու հանցավոր խմբի անդամների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության զոհը: Գեղեցկուհու դին հայտնաբերվել է նարկոբարոնների հսկողության տակ գտնվող Սինալոա նահանգի ճանապարհներից մեկի մոտ՝ հրացանը կողքին գցած: Փոխհրաձգության ընթացքում զոհվել է նաեւ նրա ընկերը: Աղջկա մահվան հանգամանքները դեռեւս անհայտ են: Նախնական վարկածի համաձայն՝ երիտասարդ զույգը պատահաբար է հայտնվել դեպքի վայրում եւ կրակոցների զոհ դարձել:
ՀՍԿԻՉ ՁՄԵՌ ՊԱՊԸ
Interfax-ի տեղեկացմամբ՝ ՌԴ Վոլոգդա քաղաքի հիվանդանոցներից մեկի 58-ամյա հսկիչը ծեծելով սպանել է տարեց հիվանդներից մեկին: Հսկիչը գտնվել է ոչ սթափ վիճակում, առավոտյան նա հիվանդանոցից քշել է տարեց հիվանդին: Այնուհետեւ միջանցքում հետապնդելով նրան՝ Ձմեռ պապի դիմակ է հագել եւ սկսել ոտքերով ու ձեռքերով հարվածել: 62-ամյա տղամարդը մահացել է հարվածների հետեւանքով ստացած վնասվածքներից: Հանցագործը ձերբակալված է:
ԵՐԵԽԱՆ՝ ԳՈՄՈՒՄ
Բելգորոդի շրջանում ծնողները հաշմանդամ որդուն պահել են գոմում հորթի հետ: 13-ամյա երեխան՝ բոլորովին մերկ, երկար ժամանակ առանց սնվելու բնակվել է գոմում: Տղային նկատել են հարեւաններն ու դիմել ոստիկանություն: Բազմազավակ ընտանիքի հայրը հերքել է մեղադրանքը՝ ասելով, որ երեխան գոմում է եղել ընդամենը մի քանի ժամ, մայրը աշխատանքի վայրում է գտնվել, իսկ ինքը զբաղված է եղել ֆերմայի գործերով: Երեխան այնքան սոված է եղել, որ մանդարինը կերել է առանց կեղեւը մաքրելու: Կատարվում է հետաքննություն:
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
Ամերիկացի վիրաբույժ Ջոզեֆ Մյուրեյը, որն աշխարհում առաջին անգամ կատարեց երիկամի փոխպատվաստում եւ արժանացավ բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակի, Բոստոնում 93 տարեկան հասակում հրաժեշտ է տվել կյանքին: 1954-ին Մյուրեյը փոխպատվաստել է 23-ամյա երիտասարդի երիկամը նրա երկվորյակ եղբորից: Այդ ժամանակվանից սկսած՝ աշխարհում կատարվել են այդ օրգանի փոխպատվաստման հարյուր հազարավոր վիրահատություններ: