Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհուրդը պահանջում է չեղարկել էլ.էներգիայի թանկացման որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ.

«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհուրդը դատապարտելով 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ կիրառված անհամաչափ ուժը, հայտարարում է, որ քաղաքացիական ինքնաբուխ խաղաղ հավաքները՝

– Ամբողջովին իրավաչափ են եւ համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը (հոդվածներ 1-ին, 2-րդ եւ 29-րդ), «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային (հոդված 11), ՄԱԿ-ի համընդհանուր հռչակագրին (հոդվածներ 20 եւ 25):

– Ոստիկանության գործողությունները չեն եղել իրավաչափ. Համաձայն Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի՝ ոստիկանության ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել՝ ջրանետեր եւ զրահամեքենաներ: Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի) (…): Հավաքին մասնակցել են հղի կանայք եւ անչափահասներ, որոնց նկատմամբ ոստիկանությունը իրավունք չուներ ջրանետեր գործադրել: Բացի այդ, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության եւ վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

– Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` արգելվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը: Ոստիկանությունը նաեւ խոչընդոտել է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին եւ ուժ է կիրառել հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ:

– Խաղաղ հավաքներին մասնակից քաղաքացիների պահանջները հիմնավոր են եւ բխում են իրավական, սոցիալական եւ ժողովրդավարական պետություն լինելու գաղափարից, քանզի ՀԷՑ ՓԲԸ-ում տեղ են գտել աննախադեպ չարաշահումներ, որոնց մասին վերջերս բազմաթիվ հրապարակումներ են եղել ԶԼՄ-ներում:

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհուրդը կոչ է անում՝

– Իշխանություններին` քրեական գործ հարուցել եւ անցկացնել ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժի եւ բռնությունների կիրառման, ինչպես նաեւ  լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառման եւ նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ օբյեկտիվ եւ թափանցիկ քննություն:

– Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ չեղյալ հայտարարել էլեկտրական էներգիայի թանկացման մասին որոշումը, քանզի թանկացման վճարման բեռը ՀՀ կառավարության վրա թողնելը կրկին անգամ ենթադրում է այդ կուտակած ահռելի պարտքի մարում՝ Հայաստանի Հանրապետության հարկատուների՝ քաղաքացիների ֆինանսական միջոցների հաշվին:

– ՀՀ իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցել եւ իրականացնել հանրության համար թափանցիկ քննություն՝ էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում կատարված հնարավոր իրավախախտումների բացահայտման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ պետությանը հասցված վնասը վերականգնելու համար:




Լրահոս