Ոստիկաններն այսօր ավելի բարեկիրթ էին, քան մի քանի օր առաջ որպես խաղաղ ցուցարարներ եվրոպական և եռագույն դրոշներ ջարդողները։ Անդրադառնալով այսօր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին, սոցցանցի իր էջում նման տեսակետ է արտահայտել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Եթե ցուցարարների ձեռքերին մի քանի եվրոպական դրոշ լիներ, դա ավելի զսպող դեր կկատարեր քան որեւէ այլ բան… Բայց դա հասկանալու համար պէտք է վաղուց մի բան իրացրած լինեին՝ ՊԱՏՎԻՐ ՄԵԾԵՐԻԴ ՈՐ ՅԱՋՈՂԱԿ ԼԻՆԵՍ…. կամ պարզապես, հրապարակային գործունեությամբ (պատասխանատուներին անվանապէս նշելով) պիտի թույլ չտային սադրիչներին մխրճվել իրենց մէջ․․․»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ Հայրիկյանը ԵՄ-ի և Հայաստանի դրոշներով այցելել էր Բաղրամյան պողոտա, ընդհարում էր տեղի ունեցել նրա և ցուցարարների միջև իսկ ԵՄ դրոշներն էլ հեռացվել էին տարածքից: