«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համահայկական խաղերը «Հրազդան» մարզադաշտում տեղի չեն ունենա, քանի որ մարզադաշտի սեփականատեր պատգամավորը հրաժարվել է միջոցառումն իր մոտ ընդունել: Ինչպես հայտնի է՝ «Հրազդան» մարզադաշտը տնօրինում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աներորդին: «Ժողովուրդը» նրանից փորձեց պարզել, թե ինչու է մերժել Համահայկական խաղերն իրենց մոտ անցկացնելու առաջարկը:
«Ես չեմ հրաժարվել, «Հրազդան» ստադիոնը սննկացման վճիռ ունի: Արդեն սննկացման կառավարիչ են նշանակել, կառավարչի հետ հանդիպել ենք եւ պետք է առողջացման ծրագիր մշակենք: Սննկացումից հետո 175 աշխատակիցներից մնացել են երեւի 25-ը: Այսինքն՝ սպասարկող անձնակազմին եւս աշխատանքից ազատել են: Ես ասել եմ՝ ստադիոնը տալիս եմ ամբողջությամբ, սպասարկող բերե՛ք, անցկացրե՛ք միջոցառումը: Ի՞նչ է եղել որ: Իրենք էլ որոշեցին ու տեղեկացրեցին, որ իրենց միջոցառումը կանցկացնեն «Վազգեն Սարգսյան» մարզադաշտում»,- պարզաբանեց արհեստական ճանապարհով ինքն իրեն սնանկացրած Աշոտ Աղաբաբյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: