ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` գոհունակությամբ արձանագրելով, որ հայ աշակերտներն ունեն ՏՀՏ (Տեղեկատվության եւ հաղորդակցման տեխնոլոգիաներ) բարձր մակարդակ. «Ռուս մասնագետները Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացրել են Հայաստանի աշակերտների ՏՀՏ հմտությունների ուսումնասիրություն: Հետազոտվել են ինչպես երեւանյան, այնպես էլ մարզային դպրոցները: Ստացած տվյալները վկայում են, որ ՏՀՏ հմտությունների ձեռքբերումը եւ զարգացումը Հայաստանում դրված է բավականին բարձր մակարդակի վրա: Մեր աշակերտների 24% ունի գերազանց մակարդակ, 9%` միջինից բարձր, 40%` միջին, 19%` միջինից ցածր եւ ընդամենը 8%` սկսնակ մակարդակ: Հատկապես աչքի են ընկել Երեւանի աշակերտները, իսկ մարզերից՝ Շիրակի, Կոտայքի, Արմավիրի երեխաները»,- ասված է նախարարի հայտարարությունում:

 

 

ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ԷԼ ՉԵՆ ՎՃԱՐԻ
Երեկ ավարտվել է Հունաստանին ԵՄ օգնության երկրորդ ծրագիրը: Հունաստանը փաստացիորեն դուրս է եկել հուշագրից, որի համաձայն բազմամիլիարդանոց օգնության փոխարեն համաձայնեցվելու էր երկրի ողջ ներքին քաղաքականությունը, սակայն նման արդյունքը, ինչպես երեւում է հայտարարություններից, ո՛չ Աթենքին, ո՛չ վարկատուներին՝ Եվրոպական կենտրոնական բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) ու Եվրոպական հանձնաժողովին, ձեռնտու չէ: Հունաստանը չի ստացել բոլոր վարկերը, որոնք նախատեսված են օգնության ծրագրով, չի անցկացրել բոլոր անհրաժեշտ բարեփոխումները, իսկ 240 միլիարդ եվրոն գնացել է ոչ արդյունավետ տնտեսության «սեւ անցքը»՝ ծանր բեռ դառնալով Հունաստանի ու եվրոպացի հարկատուների ուսերին, ովքեր ստիպված են վճարել քաղաքական գործիչների սխալների համար: 6 տարվա ընթացքում` 2008-ից 2014 թ, երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 240 միլիարդից մինչեւ 180 միլիարդի, բնակչության եկամուտները կրճատվել են 40%-ով, գործազրկությունը աճել է 27%-ով:

 

 

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ
Զորակոչն առավել օրինական, արդար եւ թափանցիկ ապահովելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կկատարվի վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն կընձեռի առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները եւ անօրինական գործողությունները: ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության եւ իրավապահ մարմինների կողմից: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2015թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:




Լրահոս