ԵԹԵ ՄԵՐԻՆ ՉԱՄՈՒՍՆԱՆԱ, ԷՔՍՏՐԱՍԵՆՍԸ ԽԱՅՏԱՌԱԿ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Մերի Մակարյանը շուտով հանդես կգա նոր գեղարվեստական ֆիլմում: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր գործնական պլանների մասին` անդրադառնալով նաեւ անձնականին:

-Մերի՛, վերջին շրջանում Ձեզ տեսնում ենք միայն հաղորդավարուհու դերում, այնինչ, տեւական ժամանակ հեռուստադիտողի աչքը սովոր էր տեսնել Ձեզ սերիալի շրջանակում: Որպես դերասանուհի էկրան վերադառնալու ծրագիր կա՞:
-Այո՛, նկարահանվելու եմ գեղարվեստական ֆիլմում, այն կատակերգություն է, սակայն չեմ ուզում այդ մասին մանրամասներ հայտնել: Միայն կասեմ, որ ինքս շատ հեռու եմ այդ ֆիլմում մարմնավորած իմ կերպարից. դժվար աշխատանք է, սակայն փորձում եմ հաղթահարել:
-Կան կարծիքներ, ըստ որոնց՝ «Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուի շրջանակում ներկայանալով որպես հաղորդավարուհի` էքստրասենսներին երբեմն տալիս էիք սադրիչ հարցեր, որոնք դուր չէին գալիս հյուրերին: Ի՞նչ կասեք:
-Դե, դա իմ աշխատանքն է, ես հաճախ եմ ասում` իմ դերերից մեկն է, եւ ուրախալի է, որ իմ հարազատ մարդիկ, ընկերները երբեմն չեն հավատում, որ էկրանից այն կողմ գտնվող աղջիկը ես եմ. դա ինձ համար մեծ հաղթանակ է:
-Էքստրասենսներից մեկը, կարծեմ, կանխագուշակել էր Ձեր ամուսնությունը, այո՞:
-Այո՛, Անին էր: Վերջերս էլ ասաց` շուտ արա՛, ես դեռ երբեք չեմ սխալվել, հիմա որ դու հանկարծ չամուսնանաս, խայտառակ կլինեմ, մի բան պետք է անես (ծիծաղում է):
-Այս տարիների ընթացքում Ձեզ հաջողվե՞լ է «ձերբազատվել» «Դժվար ապրուստի» Մերիի ստվերից:
-Քիչ-քիչ ստացվում է, թեեւ մինչեւ այժմ էլ կան մարդիկ, որոնք ասոցացնում են ինձ իմ կերպարի հետ: Ես ուրախ եմ, որ կարողացել եմ իմ խաղացած դերի միջոցով նման տպավորություն գործել: Նայում եմ սերիալից կադրեր եւ զարմանում եմ, թե ինչպես եմ խաղացել այդ դրվագներում… Ես բոլորովին այլ մարդ եմ: Սակայն ցավալի է, որ մարդիկ կարող են այդ աստիճան լուրջ ընդունել քո կերպարը: Մի անգամ ինձ զանգահարեցին, լուրջ-լուրջ ասացին` Գոռը Էլենի հետ գնացել է Ժորիկի հարսանիքին… Դա ինձ համար աբսուրդ էր, բայց հավատացեք` կան այդպիսի մարդիկ:
-Իսկ Ձեր կերտած «սեւ» կերպարի հանդեպ հեռուստադիտողների զգալի մասի տածած ատելությունը երբեւէ տարածվե՞լ է Ձեր անձի վրա:
-Այո՛, չնայած ես փորձում եմ թեթեւ նայել այդ ամենին, բայց իմ հանդեպ ատելություն, նախանձ այնքան շատ եմ զգացել, չեք պատկերացնի… Իմ հանդեպ ագրեսիվ պահվածք են դրսեւորել, նամակներ են ուղարկել… Ամեն դեպքում այդ հանգամանքն ինձ շատ է օգնել, ես դրանից շատ ուժեղացել եմ, դժվարությունները հաղթահարել եմ ինքս:
-Դուք համարվում եք հայկական շոու-բիզնեսի ամենահմայիչ աղջիկներից մեկը: Ո՞րն է գաղտնիքը:
-Կնոջ արտաքինը, դիմագծերն ընդամենը նախապայման են` ինտեգրվելու հասարակությանը, բայց դրանք կարող են ժամանակավոր արդյունավետություն ունենալ. ժամանակի ընթացքում կարող է բացահայտվել, որ այն, ինչ դու ունես, սին է: Ուստի պետք է մարդկային տեսակը հետաքրքիր լինի, շինծու չլինի:
-Կա՞ն բաներ, որոնք, ըստ Ձեզ, կինը երբեք չպետք է իրեն թույլ տա:
-Այո՛, կինը չպետք է դավաճանի, թեեւ այնքան դժվար է մնալ անդավաճան… Նախանձում եմ այն զույգերին, որոնք երդվում են «տեր» եւ «հնազանդ» լինել եւ կարողանում եմ իրենց հետագա ամուսնական կյանքում պահպանել այն, ինչ եղել է ամենասկզբում: Ինքս շատ նվիրվող տեսակ եմ եւ կուզենամ, որ իմ տղամարդը դա գնահատի: Ես չեմ ընդունում կանանց գռեհիկ պահվածքը, նաեւ այն, որ կանայք փորձում են տղամարդկանց հավասար լինել: Կինը պետք է տղամարդուն մեծարի, տղամարդուն ոչ թե տղամարդ դարձնի, այլ թողնի: Այսօր շատ դժվար է գտնել մի տղամարդու, որն իրոք տղամարդ է, ուստի կանայք խուսափում են որեւէ մեկին ներս թողնել:
-Իսկ Ձեր շրջապատում նշմարվո՞ւմ է մեկը, որի` Ձեր կողքին հայտնվելը հնարավոր եք համարում:
-Այո՛:
-Նա գիտի՞ այդ մասին:
-Իհարկե, ես պետք է զգամ ինչ-որ բան, նոր սկսեմ մտածել, որ այդպիսի բան կարող է լինել: Գուցե ինքն էլ զգա իմ կողմից ինչ-որ բան… Եթե պետք լինի որեւէ քայլ անել, իհարկե, կարող եմ անել. դա շատ գեղեցիկ երեւույթ է, բայց ես առաջինը չեմ նկատում, ինձ են նկատում, այդ նշաններից հետո նոր ես էլ եմ սկսում նկատել…
-Այսինքն` հիմա Ձեզ էլ են նկատել, Դուք էլ եք նկատել:
-Այո՛:
-Իսկ Ձեր հանդեպ ուշադրությունը նկատելուց հետո նախաձեռնությունը Ձեր ձեռքը վերցնող տեսա՞կ եք:
-Դեռեւս ոչինչ ասել չեմ կարող, ամեն դեպքում, երկուսի նախաձեռնությունն էլ շատ կարեւոր է:
-Ե՞րբ եք Ձեզ երջանիկ զգում:
-Վերջերս մեկն ինձ մաղթեց, որ ցանկացած հարցում բավարարված լինեմ: Հենց դա է ինձ համար երջանկությունը:

 

 

 

 
«ՆՈՎԵՆՑԸ ԵՐԲԵՔ ՑՈՒՅՑ ՉԷՐ ՏԱԼԻՍ ԻՐ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ…»

Հուլիսի 1-ին սիրված դերասանուհի Գալյա Նովենցը կդառնար 78 տարեկան: Անսահման բարի, զուսպ, կանացի. այսպես են բնութագրում Նովենցին ընկերները: «Բարեւ, ես եմ», «Հեղնար աղբյուր», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Մեր մանկության տանգոն» եւ այլ ֆիլմերի հայտնի հերոսուհիներին մարմնավորած դերասանուհուց զատ՝ կար մի Նովենց, որին ոչ բոլորն են ճանաչում:

Դերասանուհի Անահիտ Ղուկասյանը, ով նրա խաղընկերուհին է եղել «Տերը» ֆիլմում, «Ժողովուրդ»-ին պատմեց, թե ինչպիսին էր իր իմացած Գալյան: «Նա շատ նվիրված էր իր ընտանիքին, ի հեճուկս «Մեր մանկության տանգոն» ֆիլմում կերտած իր կերպարի` կյանքում Գալյան հնազանդ ու խոհեմ կին էր: Նա խելագարի պես սիրում էր իր տղաներին: Բացարձակ չէր պատկերացնում, որ որդիներն արդեն հասուն էին, եւ ամեն մեկն իր ուղին պետք է բռներ: Մայրական բնազդները Գալյայի մոտ ֆանտաստիկ զարգացած էին»:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Անի Քոչարյանն էլ մեզ հետ զրույցում առաջին անգամ խոստովանեց, որ ինքը դերասանուհի է դարձել Նովենցից ոգեշնչվելու շնորհիվ: «Մտքովս էլ չէր անցնի, որ հետագայում նրա հետ բեմ բարձրանալու բախտ եմ ունենալու»,-ասաց նա:
Ա. Քոչարյանի խոսքով` բեմում Նովենցը թույլ չէր տալիս` խաղընկերը զգա, որ խաղում է մեծության հետ. այնպիսին էր, ինչպես բոլորը:
Նա հիշեց, թե ինչ մեծ հուզմունքով էին իրենք պատրաստվում «Տարօրինակ միսիս Սեւիջը» ներկայացմանը. «Մենք այդ ներկայացումը խաղում էինք տարին մեկ անգամ, եւ քանի որ ընդմիջումը երկարատեւ էր լինում, բոլորս հուզվում էինք, բայց ինձ մոտ առանձնապես տպավորվել է հենց նրա հուզմունքը բեմ դուրս գալուց առաջ եւ ներկայացումից հետո: Նրա պատասխանատվության զգացումն ահռելի էր»,-պատմեց Ա. Քոչարյանը: Նա նաեւ հիշեց Նովենցի հետ կապված մի դրվագ. «1999-ն էր, նոր էինք խաղում «Տարօրինակ միսիս Սեւիջը», ըստ սցենարի` նրա կերպարն ասում էր, որ իր երեխաներն իրեն վհուկի տեղ են դնում: Ես էլ ասում էի. «Բայց դուք իսկական վհուկ եք…»: Ամեն անգամ այդ խոսքերն ասելուց հետո ներկայացման ավարտին մոտենում էի տիկին Գալյային ու ներողություն խնդրում, իսկ նա ծիծաղում էր ու ասում` բայց դու այնքան լավ, բնական ես դա ասում… Չեք պատկերացնի, թե դա ինձ համար ինչ էր… Գալյա Նովենցի տվածն անսահման է, նրան միշտ ենք հիշելու…»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հավանություն է տվել նոր հայկական հանրագիտարան ստեղծելու` «Հայկական հանրագիտարան» հրատարակչության առաջարկությանը: Ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փոխանցմամբ` նոր հանրագիտարանը բաղկացած է լինելու տասը հատորից` թվային եւ տպագիր տարբերակներով: Հանրագիտարանի ստեղծման համար պետք է կազմավորվեն հեղինակների մասնագիտական խմբեր, որոնք կկազմակերպեն հոդվածների պատրաստումն ու դրանց համակողմանի քննարկումը: Նոր հանրագիտարանի ստեղծումը կիրականացվի 2016-2026թթ.: «Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը մտադիր է դիմել Հայաստանի Կառավարությանը` հայկական հանրագիտարանի հրատարակչությունն իրականացնելու համար համապատասխան միջոցներ հատկացնելու նպատակով»,- ասված է տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 12+1 հատոր հայկական սովետական հանրագիտարանը հրատարակվել է 1974-1987 թթ.:

 

ԿԻԹԱՌԻ ՓԱՌԱՏՈՆ
Երեւանի Կիթառահարների ասոցիացիան եւ Գերմանիայի Վուպպերտալի Կիթառահարների միջազգային ասոցիացիան համատեղ ներկայացնում են Հայաստանում միջազգային կիթառի առաջին փառատոնը, որը կկայանա հուլիսի 6-24-ը, Երեւանում: Փառատոնի նպատակն է միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը: Այն հնարավորություն է տալիս հայ դասական կիթառահարներին ծանոթանալ մեր ժամանակների դասական կիթառի միջազգային դպրոցին: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ համերգներ եւ վարպետության դասեր Երեւանի առաջնակարգ դահլիճներում: Տեղի կունենան նաեւ միջազգային եւ հայկական պրեմիերաներ:

 

ԲԺԻՇԿՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
In Touch պարբերականը հայտարարել է, որ հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբին Ուիլյամսին «սպանել է» բժիշկների սխալ ախտորոշումը: Պարզվում է` դերասանի մոտ հայտնաբերված պարկինսոնի հիվանդությունը սխալ ախտորոշում է եղել, եւ սա դարձել է նրա մահվան պատճառը: «Խոսքն այլ հիվանդության` Լյուիի մարմնիկներով դեմենցիայի մասին է եղել»,-գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ Ռոբին Ուիլյամսը մահացել է 2014-ի օգոստոսի 11-ին:




Լրահոս