ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԱՐՏՈՆԵՑ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ «ԱԶԱՏՈՒՄԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը երեկ կեսօրին Բաղրամյան պողոտայից ստիպողաբար հեռացրեց նստացույցի մասնակիցներին: Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակված մնալուց հետո երեկ կրկին սկսեց սովորականի պես գործել: Նստացույցի՝ մոտ երկու տասնյակ մասնակիցներ բերման էին ենթարկվել ոստիկանության բաժիններ, իսկ այնուհետեւ ազատ արձակվել: Ուշագրավ է այն փաստը, որ մինչեւ նստացույցի դադարեցումը հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Հայտարարությունը հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայի նստացույցը ոստիկանության կողմից բռնի ուժով ցրելու դեպքերի վերաբերյալ էր:
Բայց քանի որ Կարեն Անդրեասյանը հայտնի է նրանով, որ ամեն ինչ լղոզում է այնպես, որ իշխանություններն ազատ գործեն, իսկ ինքն էլ երբեմն-երբեմն իր գոյության մասին հիշեցնի, այս դեպքում եւս նա նման կերպ վարվեց: Մասնավորապես, Անդրեասյանն իր հայտարարությունում այսպիսի միտք է գրել. «Հունիսի 23-ին ոստիկանության գործողությունները համարում ենք, ընդհանուր առմամբ, ոչ իրավաչափ»: Այնուհետեւ նա թվարկել է ոստիկանության գործողությունների ոչ իրավաչափության հիմնավորումները, մասնավորապես այն փաստերը, որ նստացույցի մասնակիցների եւ լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Անդրեասյանը կատարել է իր գործը եւ ոստիկանության գործողությունները համարել է ոչ իրավաչափ: Սակայն իրականում նրա հայտարարության իմաստն այն է, որ նա այդպիսով արտոնում է խաղաղ նստացույցի ստիպողական դադարեցումը ոստիկանության կողմից, պարզապես ոստիկանությանը հասկացնում է, որ աջ ու ձախ բոլորին, այդ թվում՝ լրագրողներին, «քացու տակ չգցեն»:

 

 

 

 

Համահայկական խաղերը «Հրազդան» մարզադաշտում տեղի չեն ունենա, քանի որ մարզադաշտի սեփականատեր պատգամավորը հրաժարվել է միջոցառումն իր մոտ ընդունել: Ինչպես հայտնի է՝ «Հրազդան» մարզադաշտը տնօրինում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աներորդին: «Ժողովուրդը» նրանից փորձեց պարզել, թե ինչու է մերժել Համահայկական խաղերն իրենց մոտ անցկացնելու առաջարկը: «Ես չեմ հրաժարվել, «Հրազդան» ստադիոնը սննկացման վճիռ ունի: Արդեն սննկացման կառավարիչ են նշանակել, կառավարչի հետ հանդիպել ենք եւ պետք է առողջացման ծրագիր մշակենք: Սննկացումից հետո 175 աշխատակիցներից մնացել են երեւի 25-ը: Այսինքն՝ սպասարկող անձնակազմին եւս աշխատանքից ազատել են: Ես ասել եմ՝ ստադիոնը տալիս եմ ամբողջությամբ, սպասարկող բերե՛ք, անցկացրե՛ք միջոցառումը: Ի՞նչ է եղել որ: Իրենք էլ որոշեցին ու տեղեկացրեցին, որ իրենց միջոցառումը կանցկացնեն «Վազգեն Սարգսյան» մարզադաշտում»,- պարզաբանեց արհեստական ճանապարհով ինքն իրեն սնանկացրած Աշոտ Աղաբաբյանը:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով կալանավորված չորս անձանցից մեկը՝ Հենրիկ Ավագյանը, խոստովանել է, որ ինքն է կրակել մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ նա ասել է, որ վախեցնելու նպատակով է կրակել: Հիշեցնենք, որ Հենրիկ Ավագյանից բացի՝ այս գործով կալանավորվել են նաեւ Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը եւ Վիտալի Մինասյանը: Վերջին երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ պատվերով սպանության փորձին օժանդակելու եւ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու հատկանիշներով: Արա Բուդաղյանը մեղադրվում է սպանության փորձի դրդելու մեջ: Բոլոր երեքն էլ իրենց մեղքը չեն ընդունում: Մեր տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բավական երկար ժամանակ գաղտնալսել է նշված անձանց հեռախոսները, եւ հենց հեռախոսազրույցների հիման վրա էլ նրանց կալանավորել են:

 

 

 

 
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում գործազուրկների պաշտոնական թիվն ավելացել է 19 հազար 500-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից օրերս հրապարակված պաշտոնական տվյալներով անցած տարվա վերջին Հայաստանում աշխատանք ունեցող բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 111 հազար 700 մարդ, իսկ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքները ամփոփելուց հետո պարզվել է, որ զբաղվածների թիվը կազմում է 1 միլիոն 101 հազար 300 հոգի: Այլ կերպ ասած՝ պաշտոնապես գրանցված եւ աշխատանք ունեցողների թիվը նվազել է մոտ տասը հազարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ համընդհանուր արտագաղթի պայմաններում անգամ, երբ տարեկան Հայաստանից 40-ից 50 հազար մարդ է հեռանում, միեւնույն է՝ գործազրկությունը շարունակում է աճել: Սա ուղղակի արտացոլում է այն խայտառակ իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանի տնտեսությունը. գործատուներն էլ են նվազում:

 

 

 

 

ՍՈՑՑԱՆՑԱՄԻՏ

«Եգիպտոսում գտնվող եւ իրենց հանգիստը Եգիպտոսում անցկացնել ծրագրող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մնալ հանգստի համար նախատեսված գոտիներում», – Թվիթերի իր միկրոբլոգում երեկ գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Հատկապես վերջին օրերին «Իսլամական պետության» կողմից իրականացվող ահաբեկչություններից հետո տարբեր երկրների ԱԳՆ-ներ հանդես են գալիս նման կոչերով` փորձելով իրենց քաղաքացիներին զգուշացնել հնարավոր վտանգի մասին: Եվ այս առումով լավ է, որ մեր ԱԳՆ-ն նույնպես մտահոգվում է ՀՀ քաղաքացիների մասին: Սակայն անհասկանալի է, թե ինչու է դա արվում բացառապես սոցիալական ցանցերում՝ գրառումների տեսքով:
Խնդիրն այն է, որ քաղաքացիների անվտանգության համար նման կարեւոր տեղեկատվությունը պետք է հասանելի լինի բոլորի համար, մինչդեռ Տ. Բալայանի անձնական միկրոբլոգը ոչ բոլոր քաղաքացիները կարող են կարդալ: Անհասկանալի է, թե ինչն է խանգարում, որ այս զգուշացումը տեղադրվի նաեւ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջում: Ի վերջո, տուրք տալով թվիթերյան կամ ֆեյսբուքյան կոմունիկացիաների՝ հատկապես ԱՄՆ-ում տարածված «մոդային», պետք չէ մոռանալ սեփական երկրի քաղաքացիների` սոցիալական ցանցերից օգտվելու կուլտուրայի տարբերությունները: Էլ չասած, որ հարկ է, ի վերջո, հստակեցնել՝ արդյոք այս կամ այն գերատեսչության խոսնակի անձնական ֆեյսբուքյան կամ թվիթերյան էջը հանդիսանում է պաշտոնական խոսափողը, թե այն, այնուամենայնիվ, անձնական տիրույթ է:
Նկատենք, որ հանրությանը բացառապես սոցիալական ցանցերի միջոցով իրազեկելու գործելաոճը վերջերս սովորական է դարձել նաեւ այլ գերատեսչությունների խոսնակների համար: Մասնավորապես ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը բացառապես այդ միջոցով է գերադասում իրականացնել իր պաշտոնական գործառույթները, ինչը դարձյալ հասնակալի չէ. ի վերջո, բլորը չէ, որ պարտավոր են լինել նրա «ֆեյսբուքյան» ընկերը կամ հետեւորդը:
Սակայն ինչպես ասում են` ձուկը գլխից է հոտում, եւ այս դեպքում եւս ոչ այդքան արդյունավետ այս գործելաոճը ներդրվեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի կողմից, որն անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը նախընտրում է նախ՝ նեկայացնել թվիթերյան իր բլոգում, ապա՝ արդեն ժամեր անց այդ մասին հաղորդագրություն տարածել:
Ինչեւէ: Ամփոփելով նկատենք, որ ամենեւին դեմ չենք սոցցանցերը որպես իրազեկման գործիք կիրառելու` խոսնակների գործելաոճին: Պարզապես դրանից զատ եւ դրանից առաջ նրանք պարտավոր են հանրությանը հետաքրքրող տեղեկատվությունը զետեղել տվյալ գերատեսչությունների պաշտոնական կայքէջերում: Հակառակ դեպքում` կարելի է պարզապես դադարեցնել պաշտոնակայն կայքերի գործունեությունն ու անցնել բացառապես սոցցանցային հաղորդակցության: Այդ դեպքում գոնե նաեւ պետբյուջեից զգալի ֆինանսական միջոցներ կտնտեսվեն:




Լրահոս