ՀԷՑ-Ի ԹԱԼԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ՝ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր արդեն բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանի էնեգետիկ համակարգից տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ են անհետացել, ինչի դիմաց վճարել եւ վճարում են սպառողները: Սակայն թալանը վերացական երեւույթ չէ, եւ ենթադրում է մարդկանց որոշակի խումբ` հանցակցության խիստ որոշակի աստիճանով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնավորեցման գործընթացի մասին հատկապես վերջին շրջանում շատ է գրվել, բայց կարծում ենք՝ ավելորդ չի լինի, եթե եւս մեկ անգամ արձանագրենք այն պաշտոնյաների անունները, ում ձեռամբ այդ ամենն իրականացվել է:

Ռոբերտ Քոչարյան- փաստացի հենց նա է ՀԷՑ-ի ներկա իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն: Նա ՀԷՑ-ի մասնավորեցումը նախաձեռնեց 2001 թվականին, անմիջապես այն բանից հետո, երբ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ստեղծված իրավիճակում ավարտեց Հայաստանում ողջ իշխանությունն իր միանձնյա տիրապետության տակ վերցնելու գործընթացը: Սակայն այնպես ստացվեց, որ ՀԷՑ-ի սեփականաշնորհման` 2001-ին սկսված գործընթացին ռուսական ընկերությունները չկարողացան մասնակցել, եւ ժողովրդի դժգոհության պատճառաբանությամբ` գործընթացը դադարեցվեց: Այն վերսկսվեց 2002-ին եւ հատուկ այնպես կազմակերպվեց, որպեսզի հենց ռուսական ընկերություն դառնա ՀԷՑ-ի սեփականատերը: Օֆշորում գրանցված «Միդլենդ Ռեսուրզեզ» ընկերությունը ՀԷՑ-ը գնեց 37 մլն դոլարով՝ 12 մլն-ը վճարելով ընկերության բաժնետոմսերի, իսկ 25 մլն էլ պարտքերը մարելու համար: Հետագայում ռուսական «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը «Միդլենդ Ռեսուրզեզից» գնեց ՀԷՑ-ը, բայց գործարքի արժեքն այդպես էլ հայտնի չդարձավ: Այդ ժամանակ մամուլը գրեց, որ Հայաստանի նախագահի ընտանիքը մի շատ կլորիկ գումարի տեր է դարձել:
Արմեն Մովսիսյան- Սույն պաշտոնյան, որը 13 տարի շարունակ (2001-2014 թվականներ) զբաղեցրել է ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնը, հիրավի կարող է համարվել մութ գործարքների եւ ֆինանսական աճպարարությունների անգերազանցելի վարպետ: Նշենք, որ ՀԷՑ-ի սեփականաշնորհման գործընթացը սկսվել է նրա՝ էներգետիկայի նախարար դառնալուց անմիջապես հետո: ՀԷՑ-ի հետ տեղի ունեցած խայտառակությունից բացի՝ հենց նույն Արմեն Մովսիսյանի ձեռքի գործն է նաեւ «Նաիրիտի» շուրջ ստեղծված իրավիճակը: Մեկուկես տասնամյակ շարունակ «Նաիրիտի» հետ կապված ֆինանսական «տեղաշարժերի» շնորհիվ Մովսիսյանը Հայաստանի ղեկավարության համար ապահովել է մոտ կես միլիարդ դոլար: Այդքան են կազմում «Նաիրիտի» պարտքերը, որոնց երաշխավորը ՀՀ Կառավարությունն է, եւ որոնք վերջնահաշվարկում վճարելու են Հայաստանի հարկատուները:
Դավիթ Վարդանյան- մեր երկրի ունեցվածքի սեփականաշնորհման հարցում իր ուրույն դերակատարությունն ունեցած այս գործչի ստորագրությունը եւս դրված է ՀԷՑ-ի սեփականաշնորհման գործարքի ներքո: Նա 3 տարի շարունակ՝ 2000-ից 2003-ին, զբաղեցրել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի պաշտոնը: Մինչ այդ` Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, ընդդիմադիր է եղել, սակայն Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո շատ արագ դարձավ իշխանություն: Իսկ իր պաշտոնավարման տարիներին համարվում էր Հայաստանի ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը: Ուշագրավ է, որ հենց նրա ձեռամբ «ջրվեցին» նաեւ «Արմենտելի» սեփականաշնորհման հետ կապված մութ գործարքները, քանի որ տեւական ժամանակ ղեկավարելով նախագահին (Ռոբերտ Քոչարյանին) կից համապատասխան հանձնաժողովը` Դավիթ Վարդանյանն, ի վերջո, այնպես արեց, որ գործարքի բոլոր շահագրգիռ կողմերը ջրից միանգամայն չոր դուրս եկան:
Վարդան Խաչատրյան- ՀԷՑ-ի սեփականաշնորհման ժամանակ նա զբաղեցնում էր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը եւ իր ստորագրությամբ վավերացրել է այդ գործընթացը: Խաչատրյանը հայտնի էր նրանով, որ կյանքից մեծ պահանջներ չուներ. նրա թուլությունը գիշերային ակումբներն էին, որոնց այցելությունները երբեմն ավարտվում էին սկանդալներով:
Հարություն Փամբուկյան- Դեռ 1999թ-ից լինելով Աժ պատգամավոր` այս գործարարը լրագրողներին եւ հանրությանը առավել հայտնի դարձավ հենց ՀԷՑ-ի սեփականաշնորհման գործընթացում ունեցած իր մասնակցությամբ: 2002-ին ՀԷՑ-ի սեփականաշնորհման ընթացքում մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ հենց նա է կազմակերպել «Միդլենդ Ռեսուրզեզի» միջոցով ՀԷՑ-ը ռուսներին փոխանցելու գործարքը: Այլ կերպ ասած՝ նա մի անձնավորություն է, ում ստորագրությունը սեփականաշնորհման փաստաթղթերում չես գտնի, բայց առավել քան կարեւոր դերակատարություն է ունեցել այդ գործարքում, ինչի շնորհիվ կարողացավ հաջորդող տասը տարիներին հսկայական շահույթներ ստանալ եւ Հայաստանում ծաղկեցնել իր բիզնեսը` զուգահեռաբար մինչեւ 2012 թվականը լինելով պատգամավոր:
Սերժ Սարգսյան- ՀԷՑ-ի սեփականաշնորհման ժամանակ նա համատեղում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները: Նրա ստորագրությունը եւս ՀԷՑ-ի սեփականաշնորհման գործարքի տակ չկա, բայց միեւնույն է՝ նա եւս այն անձանցից է, որը ոչ միայն ողջ գործաքին քաջածանոթ է եղել, այլեւ անմիջական ստվերային մասնակցություն է ունեցել: Իսկ հետագայում` 2009-ից սկսած, հանձն է առել ՀԷՑ-ի թալանած փողերը սպառողների հաշվին «փակելու» գործընթացը:
Իհարկե, վերը թվարկված անձանցից բացի՝ բազմաթիվ այլ պաշտոնյաներ եւս իրենց մասնակցությունն են ունեցել ՀԷՑ-ի սեփականաշնորհման խայտառակ գործարքին, սակայն նրանք հիմնականում եղել են կատարողներ, իսկ, այսպես ասած, առանցքային դեմքերը հենց վերը բերված անձինք են, ովքեր գործարքի կնքման պահին եւ դրան հաջորդած տարիներին անձնական օգուտներ են ունեցել: Այսօր, սակայն, նրանք բոլորը` առանց բացառության, անարգել վայելում են Հայաստանի ռազմավարական կարեւորության այս համակարգը ռուսներին «նվիրելու» պտուղները: Ռոբերտ Քոչարյանը ճամփորդում է, զբաղվում գերթանկարժեք կենդանիների որսով, պարապ ժամանակն էլ նվիրում է ներքաղաքական ինտրիգների դյութմանը: Արմեն Մովսիսյանը եւս վայելում է պաշտոնավարման տարիներին «ետ գցածը»՝ զուգահեռաբար զարկ տալով տարբեր բիզնեսների, մասնավորապես` ջայլամաբուծությանը:
Դավիթ Վարդանյանի մասին առհասարակ բոլորը մռացել են, մինչդեռ նա չափազանց շատ բան գիտեր այդ տարիների «ալան-թալանի» մասին: Հավանաբար, նաեւ շատ լավ գիտեր բոլորի հետ ճիշտ հարաբերվելու ձեւն ու չափը, դրա համար էլ այսօր հանգիստ վայելում է կուտակածը:
Դե, իսկ «քաջ նազար»-ի բախտ ունեցող Վարդան Խաչատրյանը թեեւ զբաղեցնում է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը, սակայն նույնպես առանձնապես չի հիշվում: Ըստ ամենայնի, նա հիմա հանգիստ կերպով վայելում է իր երբեմնի երազանքը` «մի բակալ սառը պիվան», եւ էլի շատ այլ բաներ:
Գործարար Հարություն Փամբուկյանը Հայաստանից քամելով հնարավորը` ներկայումս իր հաջող բիզնես գործունեությունն է շարունակում Ռուսաստանում: Նրա մոտ ամեն բան լավ է լինելու, քանզի ռուսները հաստատ չեն մոռանա, թե ինչպիսի ծառայություն մատուցեց իրենց:
Դե, իսկ Սերժ Սարգսյանն էլ առայժմ հաջողեցնում է «խփել ինչքան ուզում է» եւ ում ուզում է: Զուգահեռաբար նաեւ աշխարհին ներկայանում է որպես ժողովրդավար եւ հանդուրժող ղեկավար, ինչի դիմաց էլ, ըստ ամենայնի, առաջիկայում, սահմանադրական բարեփոխումներն անցկացնելով` կստանա իշխանությունը երկարաձգելու նոր հնարավորություն:
Թեեւ շատերին կարող է թվալ, որ այս մարդիկ անպատիժ են մնալու, բայց վաղ թե ուշ գալու է այն օրը, երբ բոլորը պատասխան են տալու իրենց արածների եւ նաեւ չարածների համար:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 
ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ
Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը երբ է սկսելու իր քաղաքական գործունեությունը Հայաստանում, սակայն պարզվեց, որ նա տեղեկացված չէ, կամ էլ նրան պարզապես ոչինչ չեն ասում: «Ես բազմիցս արդեն հայտարարել եմ՝ ինքը, եթե որեւէ այդպիսի ցանկություն ունենա, որոշում ունենա, մարդն անձամբ կհայտարարի, ինչու եք ուզում դա միջանկյալ ձեւով հասկանալ, պարզել: Եթե նրա մոտ կա այդպիսի անհրաժեշտություն, ինքը դրա մասին կհայտարարի»,- պատասխանեց Սարգսյանը: Այն հարցին, թե լուրեր կան, որ վերջին շրջանում Արա Աբրահամյանը բազմաթիվ մարդկանց հետ է հանդիպել, եւ զրույցի թեման էլ իր հնարավոր քաղաքական գործուներությունն է եղել, Արամ Գասպարիչը պատասխանեց. «Եթե դուք այդ ձեր տեղեկությունները հավաստի եք համարում, ինչու եք այդ դեպքում այդ հարցն ինձ տալիս»:

 

ՆԱԽԿԻՆ ՌԵՖԵՐԵՆՏԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը, պարզվում է, այդքան էլ համեստ ունեցվածքի տեր չէ: Նրա դրամական միջոցները, ըստ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 20 հազար եվրո, 7 հազար 200 դոլար, 500 հազար դրամ եւ 23 հազար շվեյցարական ֆրանկ: Ի դեպ, Սիրանուշ Սահակյանն անցած տարվա ընթացքում վերադարձրել է 8 մլն 295 հազար դրամ, 16 հազար եվրո եւ 3 հազար 200 դոլար արժեքի փոխառություն՝ վարկ: Սիրանույշ Սահակյանի վերջին մեկ տարվա աշխատավարձերը, որոնք նա ստացել է երկու աղբյուրից, կազմել են 8 մլն 309 հազար դրամ եւ 297 հազար դրամ: Վերը բերվածից բացի՝ Սահակյանը քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացել է 262 հազար դրամ եւ 1 մլն 729 հազար դրամի եկամուտներ: Հիշեցնենք, որ Սահակյանը, մինչ էթիկայի հանձնաժողովի նախագահ նշանակվելը, Սերժ Սարգսյանի ռեֆերենտն էր:

 

ԴԵՌ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկերությունում ՀՀ ֆինանսների նախարարությունը դեռ շարունակում է իր ստուգումները: Նշենք, որ Ծառուկյանին պատկանող ընկերությունում ՖՆ-ն բոլոր տեսակի ստուգումներ է անցկացնում՝ չափագրումներ, գույքագրումներ, հսկիչ դրամարկղային մեքենաներ եւ այլն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում ՖՆ-ն կավարտի ստուգումները: Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարությունը լայնածավալ ստուգումներ սկսեց Ծառույկանին պատկանող ընկերությունում այս տարվա փետրվարյան հայտնի դեպքերից՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտությունից հետո: Բայց տեմպերը թուլացրեց այն ժամանակ, երբ Ծառուկյանը կրկին ընդունեց Սերժ Սարգսյանի «կրոնը»:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԵՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են Վաշինգտոնում, որտեղ նրանք պատրաստվում են քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: Այս մասին Թվիթթերի իր էջում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում հանդիպումներ կանցկացնեն պետքարտուղարությունում, պաշտպանության նախարարությունում եւ Ազգային անվտանգության խորհրդում՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր»,- գրել է ամերիկացի համանախագահը:

 

ՆՈՐ ՊԵՏ
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Վահե Հարությունյանը:




Լրահոս