Այսօր` հուլիսի 11-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության փոխնախարար Վունգ Դույ Բիենի հետ: Կողմերը ստորագրել են «Վիետնամի սոցիալիստական հանրապետության մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության նախարարության եւ Հայաստանի Հանրապեության մշակույթի նախարարության միջեւ մշակույթի ոլորտում 2015-2018 թթ. համագործակցության մասին» ծրագիրը:
Շեշտելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության կայունության և դինամիկ զարգացման կարևորությունը, հատկապես ապրանքաշրջանառության ծավալային աճը, ՀՀ մշակույթի նախարարը նշել է, որ «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության միջև մշակույթի բնագավառում 2015-2018 թթ. համագործակցության մասին» փաստաթղթի ստորագրումը ավելի սերտ համագործակցության հնարավորություն կընձեռի:
Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնելով «Մշակութային քաղաքականություն. Քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» համաժողովի հրավերն ընդունելու համար, առաջարկել է սերտորեն համագործակցել UNESCO-ի ծրագրերի շրջանակում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Վիետնամը 1972 թվականին Փարիզում ընդունված Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ է:
Վունգ Դույ Բիենը շնորհակալություն հայտնելով հրավերի համար` ընդգծել է, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է, ունի հարուստ մշակույթ, իսկ հայ ժողովուրդը` ջերմ է եւ հյուրընկալ:
Հասմիկ Պողոսյանն առաջարկել է մշակութային արժեքների պահպանման և խթանման ոլորտներում համագործակցություն` փոխադարձ ցուցահանդեսների կազմակերպում, համագործակցություն կինոյի, ոլորտում, փոխադարձ մշակույթի օրերի կազմակերպում, ինչպես նաև երկու երկրներում կազմակերպվող արվեստին նվիրված սեմինարներին, դասընթացներին, միջոցառումներին փորձագետների մասնակցություն:
ՀՀ մշակույթի նախարարը կարևորել է երկու երկրների արվեստագետների ակտիվորեն համագործակցությունը` մասնակցություն երկու երկրներում անցկացվող կինո և երաժշտական փառատոներին, մրցույթներին, բիենալեներին և ցուցահանդեսներին: