Նաիրիտ գործարանի աշխատակիցները քիչ առաջ հանդիպում են ունեցել գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանի հետ: Armlur.am-ի հետ զրույցում Արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը նշեց, որ քննարկել են աշխատավարձերի վճարման հետ կապված հարցեր: Նշենք, որ վաղը լրանում է պարտքի վճարման հետ կապված խոստացված վերջնաժամկետը:
Թադևոսյանի խոսքով` Սաղաթելյանն իրենց առաջարկել է համաձայնագիր ստորագրել, ըստ որի` բացի մայր գումարից այլ տույժ-տուգանքների պահանջ չունեն. «Մեզ առաջարկվեց համաձայնագիր ստորագրել, քանի որ եթե աշխատավարձերի չվճարման պատճառով առաջացած տույժ-տուգանքները ևս հաշվարկեն, կստացվի ահռելի գումար: Հնարավոր չի լինի վճարել, գործարանը կսննկանա: Դրա համար համաձայնագիր պետք է ստորագրենք, որ աշխատավարձերի ստացումից հետո դատարան չենք դիմի` տույժ-տուգանքները պահանջելու համար»:
Հարցին` բոլոր աշխատակիցները պատրա՞ստ են ստորագրել այդ համաձայնագիրը, Արհմիության նախագահն ասաց. «Եթե ոչ բոլորը, ապա մեծամասնությունը պատրաստ է ստորագրել: Վաղվանից էլ կսկսվի աշխատավարձերի վճարման գործընթացը»,- հավելեց Հրաչ Թադևոսյանը:
Հավելենք, որ նաիրիտցիները իրենց ֆեյսբուքյան խմբում դժգոհություն են հայտնել, որ տնօրեն Սաղաթելյանն իրենց փաստի առաջ է կանգնեցրել. «Կստորագրեք տույժերից, տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիր, հաջորդ օրը կամ առավելագույնը 2-3 օրվա ընթացքում կստանաք ձեր կուտակված աշխատավարձի ողջ պարտքը։ Եթե չես ստորագրում, ապա ոչինչ էլ չես ստանա»: