Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հանդիպում են ունեցել տնօրեն Ռուբեն Սաղաթելյանի հետ, ով աշխատակիցների առաջ պայման էր դրել` կնքել համաձայնագիր, ըստ որի` իրենք աշխատավարձի մայր գումարից բացի, տույժ ու տուգանքների վերաբերյալ պահանջ չունեն, հակառակ դեպքում նույնիսկ աշխատավարձի մայր գումարը չեն ստանա:
Աշխատակիցներին զայրացրել էր տնօրենի այս քայլը: Նրանք մոտ մեկ ժամ փակել էին Բագրատունյաց պողոտան և պահանջում էին հարցի արդարացի լուծում: Լարված իրավիճակ էր ստեղծվել պողոտայում վարորդների ու նաիրիտցիների միջև: Վարորդները դժգոհում էին, որ իրենք շտապում են և ճանապարհի փակ լինելը խանգարում է իրենց: «Մենք հո մեղավոր չենք, որ իրենց փողերը չեն տալիս»,- դժգոհում էին պողոտայով երթևեկություն իրականացնող վարորդները: Վերջիններս այնքան էին վրդովվել, որ նույնիսկ մեքենան վարում էին փողոցում նստած նաիրիտցիների վրայով` տրորելով նրանից մեկի ոտքը:
Տեղում են նաև մեծ թվով ոստիկաններ, ովքեր փորձում էին հանդարտեցնել իրավիճակը: Արդյունքում նաիրիտցիները բացեցին պողոտան և այս պահին գործարանի բակում սպասում են տնօրեն Ռուբեն Սաղաթելյանի հետ հանդիպմանը` որպեսզի որոշոն իրենց հետագա անելիքները: