Հուլիսի 15-ին ՀՀ իշխանությունները հրապարակել են սահմանադրական փոփոխությունների նախագիծի առաջին 7 գլուխները: Այս նոր նախագծով 100 տոկոսանոց անցում է կատարվում համամասնական ընտրակարգին:
Armlur.am-ն այս հարցի առնչությամբ զրուցեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հայկ Գրիգորյանի հետ, ով պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով: «Ընդհանուր երկրների զարգացման փորձը ցույց է տվել, որ ցանկացած ընտրակարգ լինի համամասնական, թե մեծամասնական, կարող է իր դրական և բացասական լուծումները տալ: Այս պահին նորմալ կարծիք ունեմ դրա վերաբերյալ»,-ասաց նա:
Հայկ Գրիգորյանը որպես մեծամասնական ընտրված պատգամավոր չի «մտածում իր ապագայի մասին». «Եթե նկատի ունեք, թե ինչու չեմ մտածում իմ ապագայի, հետագայի մասին որպես մեծամասնական թեկնածու, ասեմ` նման ամբիցիաներ չունեմ»:
Հարցին` ինչ առանձնահատկություններ կամ թերություններ է տեսնում նախագծում, պատգամավորը նշեց, որ ամեն ինչ ապագայի խնդիր է, և կյանքը ցույց կտա. «Առանձնահատկությունները կամ թերությունները երևում են իրագործման ընթացքում, այսպես ասած կյանքի փորձի, այլ գործընթացների, պրոցեսների ընթացքում: Այս ամեն ինչն արդեն ապագայի խնդիրն է: Ես այս պահին առանձնահատկությունների, առավել ևս թերությունների մասին ոչինչ չեմ կարող ասել, դա կյանքը ցույց կտա»,-եզրափակեց նա:
Արփինե Թովմասյան