ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել խորացնել ԵՄ հետ առևտրատնտեսական հարաբերությունները. Կ. Ճշմարիտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության գրասենյակի գործառնական բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մեդինա Նավարրոն, ՀՀ էկոնոմիկայի ԵՄ և ԱՀԿ վարչության պետ Արթուր Մայսուրյանը և նախարարության այլ աշխատակիցներ:

Կարեն Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության համար և կարևորել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում դեսպանի և նրա աշխատակազմի դերն ու աջակցությունը: Նա մեկ անգամ ևս շեշտել է, որ ԵՄ հետ համագործակցությունը Հայաստանի համար շարունակում է մնալ առաջնայնություն և ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել խորացնել ԵՄ հետ առևտրատնտեսական հարաբերությունները բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով:

Տրայան Հրիսթեան բարձր է գնահատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կատարած աշխատանքը` որպես ԵՄ աջակցության ծրագրերի ազգային համակարգող և շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել և ամփոփվել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, ԵՄ բյուջետային աջակցությանը, ընթացիկ և բանակցային փուլում գտնվող մի շարք ծրագրերին, «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմին,  Հայաստանում կիրառվող Թվինինգ և Թայեքս գործիքներին, COSME և Հորիզոն 2020 ծրագրերին ՀՀ անդամակցության գործընթացին, ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրին և ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցային գործընթացների մեկնարկին, ինչպես նաև առանձին ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր:




Լրահոս