ԱՆԱՍԵԼԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրված ընդլայնված նիստում Սերժ Սարգսյանը հանդես է եկել մի աննախադեպ երկար ելույթով, որով անդրադարձել է Հայաստանի Հանրապետության համար կարեւորագույն մարտահրավերներին եւ հատկապես ղարաբաղյան խնդրին: Թեեւ իր խոսքի սկզբում Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է անցկացվում նման ձեւաչափով հանդիպում` իբրեւ թե ամփոփելու համար զորավարժությունների արդյունքները, այդուամենայնիվ, այդպես էլ պարզ չէր, թե` զորօրինակ, այդ զորավարժությունների հետ ինչ կապ ուներ Նաիրա Զոհրաբյանը կամ ասենք` Հերմինե Նաղդալյանը: Գուցե այդ տիկնանց ներկայությունը անհրաժեշտ էր, որպեսզի Սերժ Սարգսյանն իր ելույթում հնարավորություն ունենար հավաքվածներին դիմելու տիկնայք եւ պարոնայք  դիմելաձեւո՞վ: Իրոք, դա շատ, անչափ կարեւոր է: Հատկապես Սերժ Սարգսյանի փի-առ-ով զբաղվողների տեսանկյունից, որոնք իրենց կարծիքով ամենայն մանրամասնությամբ հաշվարկել էին երեկվա ակցիայի յուրաքանչյուր մանրուք: Իսկ այն, որ երեկվա հավաքը պարզապես փի-առ ակցիա էր, կարծում ենք, որեւէ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Արդեն իսկ նշված չափազանց երկարաշունչ ելույթում Սերժ Սարգսյանը բացի բոլորին հայտնի ճշմարտություններից, ըստ էության, որեւէ նոր բան չասաց: Թե՛ հայ-թուրքական հարաբերությունների, թե՛  Հայաստան-Սփյուռք  միասնականության եւ թե՛ Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցների մասին նրա  դատողությունները, գուցե փոքր-ինչ այլ ձեւակերպումներով, սակայն բազմիցս արդեն հնչել են տարբեր առիթներով: Եվ նման համապարփակ ելույթը, որով Սերժ Սարգսյանը՝ որպես ՀՀ նախագահի արդեն գրանցված թեկնածու,  ըստ էության, սկսեց ընտրապայքարը, թերեւս  տեղին կլիներ Ազգային ժողովում: Սակայն երկրի ողջ քաղաքական էլիտային  հավաքելով  ՀՀ պաշտպանության նախարարությունում եւ  ելույթի զգալի հատվածը նվիրելով  Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու հավանականությանը, Սերժ Սարգսյանն ու նրա փի-առշչիկները պարզապես նպատակ ունեին կերտել Սերժ Սարգսյան` գերագույն գլխավոր հրամանատարի եւ  համայն հայության  առաջնորդի կերպարը: Իսկ այդքան երկարաշունչ ելույթի հիմնական ասելիքը կարելի էր ներկայացնել նրա ելույթում առկա ընդամենը մեկ նախադասությամբ. «Մենք պետք է ամեն օր, ամեն պահ պատրաստ լինենք պատերազմ քարոզող ռեժիմի կողմից նոր ռազմական արկածախնդրության»: Ասել է թե` ընտրություններից առաջ պետք էր թարմացնել արտաքին թշնամու կերպարը ու նրա կողմից հնարավոր առաջիկա «ռազմական  արկածախնդրությունը»: Առայժմ դա արվեց ելույթի միջոցով, սակայն անհրաժեշտության դեպքում, չի բացառվում, որ առաջիկայում ականատես լինենք   թշնամու կերպարի թարմացման այլ դրսեւորումների, ինչպիսիք եղան, օրինակ, 2008թ.-ի մարտին:
Հ.Գ. Ամեն դեպքում, իր ելույթով Սերժ Սարգսյանը «կտրեց» Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցը: Հաստատ` ոչ պատահաբար:




Լրահոս