«Սա քաղաքական գործ է, ուղղակի` անլուրջ». ԼՂՀ-ն Ստերլիգովի դեմ գործը համարում է Ադրբեջանի քաղաքական կատակերգություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուսաստանցի ձեռնարկատեր Գերման Ստերլիգովի նկատմամբ: Ադրբեջանի Նասմինյան շրջանի դատարանը գործարարին ձերբակալելու որոշում է կայացրել:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել «Ստերլիգովի եւ այլոց նկատմամբ՝ առանց համապատասխան փաստաթղթերի պետական սահմանը ապօրինի հատելու, պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի» փաստերով: Ստերլիգովին կալանավորելու գործում ներգրավվել է Ինտերպոլի ադրբեջանական բյուրոն, որն իրականացնում է անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Հիշեցնենք, որ ռուս միլիարդատեր, քաղաքական ու հասարակական գործիչ, Գերման Ստերլիգովը հուլիսի 4-ին իր ընտանիքի անդամների հետ հեռացել է Ռուսաստանից ու բնակության նպատակով տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ռուսական մամուլի հրապարակումների համաձայն` Ստերլիգովը ԼՂՀ-ում պատրաստվում է էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրւթյամբ զբաղվել:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե Ղարաբաղում ինչպես են վերաբերվում Ստերլիգովի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու` Ադրբեջանի իշխանությունների որոշմանը:

-Պարո՛ն Բաբայան, Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուսաստանցի ձեռնարկատեր Գերման Ստերլիգովի նկատմամբ: Ինչպե՞ս են այս հարցին վերաբերվում ԼՂՀ իշխանությունները:

-Ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, որը այցելել է Արցախի Հանրապետություն որպես զբոսաշրջիկ, հիմա մարդը եթե որոշել է, որ ցանկանում է մնալ այստեղ, մենք ազատ երկիր ենք, ու որեւէ խոչընդոտներ չկան: Իր կողմից որեւէ հայց՝ իր քաղաքացիությունը փոխելու կամ ինչ-որ կարգավիճակի հետ կապված, մենք չունենք:

-Կարծես թե այդ խոչընդոտը փորձում են ստեղծել ադրբեջանական իշխանությունները, ինչ-որ աջակցությո՞ւն ցուցաբերելու եք Ստերլիգովին:

-Ադրբեջանը շատ բաներ է հայտարարում, իրենք հայտարարում են, թե իրենց դրոշն են դնելու Արցախում, Շուշիում, մենք էլ ասում ենք՝ սիրով կընդունենք Ձեր դեսպանատան վրա մեր դրոշը, երբ որ լինի ճանաչում, թող գան ու այստեղ ճանաչեն ԼՂՀ-ն, դեսպանատան շենք կտանք, դրոշը թող տեղադրեն այնտեղ: Ինչ վերաբերում է գործի հարուցմանը, ապա անհասկանալի է, թե ինչի հիման վրա են դա արել: Պարզ է, որ սա քաղաքական գործ է, բայց ուղղակի անլուրջ է: Նրանք շարունակում են իրենց քաղաքական կատակերգությունը, ուրիշ որեւէ ձեւով չի կարելի մեկնաբանել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս