«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում գտնվող «Տավրոս» կոշիկի ֆաբրիկան հատուկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար ջայլամի կաշվից կոշիկ է կարել եւ նվիրել նրան: Սակայն պարզվել է, որ կոշիկը վարչապետի հագով փոքր է, եւ այն հետ է ուղարկվել ֆաբրիկա: Հետագայում ընկերության տնօրինությունը վարչապետի համար կարված կոշիկը աճուրդի է հանել Գյումրիում գործող իր խանութներից մեկում եւ բավականին թանկ գնով վաճառել: Բայց ավելի ուշ «Տավրոս» ընկերությունը Հովիկ Աբրահամյանի համար նոր կոշիկ է կարել:
Շիրակի մարզի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, «Տավրոս» ԲԲԸ հիմնադիր Կարապետ Մովսիսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերը բերված լուրերը մասնակի հերքեց: Այն, որ «Տավրոս» ընկերությունը վարչապետի համար կոշիկ է կարել, Կարապետյանը հաստատեց, բայց վստահեցրեց, որ այն ճիշտ Հովիկ Աբրահամյանի հագով է եղել, այսինքն՝ փոքր չի եղել եւ հետ չի վերադարձվել: Ավելին՝ վարչապետը սիրով հագել է ոչ թե ջայլամի, այլ կովի կաշվից կարված կոշիկները»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: