Որտեղ է ՀՀԿ-ում հանգրվանած «ՍԱՍ»-ի Արտակն օգտագործում իր մանդատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին կարկառուն ՕԵԿ-ական, ավելի ուշ Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությանը» անդամագրված, իսկ այժմ էլ ՀՀԿ-ում հանգրվանած ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի դեմ դատական հայց է ներկայացվել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի հունիսի 9-ին «Մայքրոսոֆթ» կորպորացիան դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարան՝ «ՍԱՍ»-ի Արտակի ընկերությունից «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ից պահանջելով, որ դադարեցնի հեղինակային իրավունքի խախտումը եւ խախտված իրավունքի դիմաց փոխհատուցում տրամադրի: Ինչպես է ԱԺ պատգամավորին պատկանող ընկերությունը խախտել հայտնի ամերիկյան «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հեղինակային իրավունքը, պարզ կլինի դատական վճռի ավարտից հետո:

«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել միայն, որ խախտված հեղինակային իրավունքի համար «Մայքրոսոֆթ» կորպորացիան ինչքան գումար է «ՍԱՍ»-ի Արտակի ընկերությունից որպես փոխհատուցում պահանջել: Տեղեկացանք, որ պահանջվող գումարի չափը կազմում է շուրջ 8 միլիոն դրամ: Նկատենք, եթե մեկ տարի առաջ Արտակ Սարգսյանին պատկանող ընկերության էին «քցել», եւ նա ընկել էր դատարանի դռներն իր գումարները պահանջելու խնդրով, հիմա էլ պատգամավորին պատկանող ընկերությունն է իր գործունեությամբ այլ ընկերությունների իրավունքները ոտնահարել: Թե ինչ հանգուցալուծում կունենա այս դատական վեճը, ցույց կտա ժամանակը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը 2014թ գրել էր, որ ՀՀԿ-ական օլիգարխին «քցել» էին, եւ վերջինս դատարանների միջոցով էր փորձում հետ ստանալ իր գումարները, սական առաժմ ապարդյուն: Բանն այն է, որ Արտակ Սարգսյանի ընկերությունը «Ապիկոլա» ՍՊԸ-ից դատարանի միջոցով ցանկանում էր գանձել 2 միլիոն 200 հազար դրամ:

Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվում, պարզել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք նրա օգնական, ապա նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ ջերմ հարաբերությունների մեջ գտնվող, իսկ այժմ էլ Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչիկ Ղազարյանի հովանավորությունը վայելող Արտակ Սարգսյանի ընկերությունը հաճախակի է հայտնվում ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում:

2015թ հուլիսի 23-ին գրել էինք, որ «Բալդի» կոշիկի եւ աքսեսուարների խանութ-սրահը, որը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին, տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Պարզել էինք, որ «Բալդի» ընկերության լիազոր ներկայացուցիչ Ա. Խաչատրյանը հայտարարագրման ժամանակ սխալ տվյալներ է ներկայացրել: Իսկ ահա ՀՀ ֆինանսների նախարարությունն էլ թույլ տված խախտման համար որոշել է վարչական պատասխանատվության ենթարկել «Բալդի» ընկերության տնօրեն Վարդան Զաքարյանին` 50 հազար դրամի չափով:

Մի խոսքով, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արտակ Սարգսյանը մշտապես օրենքի հետ խնդիրներ ունի: Ու քանի որ նա ԱԺ-ում երբեւէ բերանից անգամ գոլորշի չի արտաբերել, ուստի կարելի է կռահել, թե ԱԺ պատգամավորի մանդատը նրան որտեղ է պետք գալիս: Օրենքի հետ մշտապես խնդիրներ ունեցող գործարարը թերեւս իր պատգամավորական մանդատն օգտագործում է՝ բիզնես հարցերը կարգավորելու համար եւ ոչ ավելին:

Քնար Մանուկյան




Լրահոս