Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոտայքի մարզում գտնվող «Առողջ սունկ» ՍՊ ընկերության արտադրամասեր. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վարչապետին ուղեկցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական
տեսչության ներկայացուցիչները և այլք:
Վարչապետը նախ ծանոթացել է սնկի արտադրության գործընթացին, այնուհետև հումքի արտադրամասի կողմից մթնոլորտային օդի աղտոտման հետ կապված խնդրին: Միևնույն ժամանակ, կառավարության ղեկավարը զրուցել է հումքի արտադրամասին հարակից բնակավայրի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու փաստարկները: Ընկերության ղեկավարությունն իր հերթին ներկայացրել է խնդրի լուծման ուղղությամբ կատարված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Նշվել է, որ արդեն մի քանի օր է, ինչ հումքի արտադրամասում ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, ինչի արդյունքում օդի աղտոտվածության հարցին տրվել է որոշակի լուծում:
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ եկել է արտադրամասեր՝ առկա խնդրին լուծումներ գտնելու համար: «Եթե արտադրամասում տեղադրվեն նոր ֆիլտրեր և տհաճ հոտը վերանա, ապա ընկերությունը կշարունակի իր գործունեությունը, քանի որ այստեղ աշխատում են նաև մի քանի տասնյակ քաղաքացիներ: Պետք է բնապահպանական նորմերը պահպանվեն: Առաջին խնդիրը սա է լինելու: Միևնույն ժամանակ, մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի զարգանա սնկի արտադրությունը, ինչը կարևոր է նաև տնտեսության ակտիվության, արտահանման տեսակետից: Եթե ֆիլտրերի տեղադրումն էլ չնպաստի տհաճ հոտի վերացմանը, ապա այլընտրանք չունենք՝ արտադրամասը կփակվի: Մեր քաղաքացիների առողջությունն ավելի թանկ է մեզ համար»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ խնդիրը կքննարկվի կառավարությունում՝ համապատասխան որոշում կայացնելու համար: «Մեր որոշումը պետք է լինի հիմնավոր և արդար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Իր հերթին, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ կարճ ժամանակ անց բոլոր խնդիրները կլուծվեն և տհաճ հոտը կվերանա: Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն իսկ որոշակի ներդրումներ է կատարել, իսկ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում արտադրական տեխնոլոգիան ամբողջությամբ կփոխվի և իրավիճակը կկարգավորվի: