«Բազե 2015»-ը ներկայանալու է ինքնատիպ ոճավորմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ին «Դիալոգ» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքին, որն այս տարի տեղի կունենա օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում։ Հավաքի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը տեղեկացրեց, որ «Բազե» հավաքի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով։ Մասնակցության համար դիմում են շատերը, սակայն ընտրվում են լավագույնները, որոնք հավաքի ընթացքում պետք է մասնակցեն մշակութային, սպորտային և ինտելեկտուալ մրցույթներին։ Արուսյակ Պողոսյանը շեշտեց, որ կա որդեգրած սկզբունք. հավաքին կարող են մասնակցել մեկ անգամ։

Մասնակցության կրկնություն թույլատրվում է միայն ջոկատի ղեկավարներին, քանի որ կարևոր է, որպեսզի վերջիններս ունենան որաշակի փորձ։ Հավաքի մասնակիցների տարիքի նվազագույն շեմը 18-ն է, առավելագույնը՝ 30-ը։

«Բազե նորաձևություն» մրցույթի ժյուրիի նախագահ, դիզայներ Արամ Նիկոլյանը, խոսելով նորաձևության մրցույթի մասին, նկատում է, որ երիտասարդները բավականին ստեղծարար են։ Դիզայներն ընդգծեց, որ հաշվի առնելով սահմանափակ ժամանակը, հնարավորությունները (միայն ձեռքով աշխատանք, միայն մեկ գույնի նյութերի առկայություն և այլն)՝ շատ քիչ պրոֆեսիոնալներ կկարողանային այդ ամենը պատվով կատարել։ Արամ Նիկոլյանը՝ որպես նորաձևության մրցույթի ժյուրիի բազմամյա նախագահ, տեղեկացրեց, որ այս տարիների ընթացքում հագուստները չեն կրկնվել։

«Բազե» հավաքի կարմիր ճակատի գեղարվեստական ղեկավար Արման Խաչատրյանը (Արմուշ) ասում է, որ ամեն տարի հավաքի ընթացքում ինքը ծանոթանում է տաղանդավոր երիտասարդների հետ։ Նա նաև ավելացնում է, որ հենց դա է իր երիտասարդ մնալու գաղտնիքը, քանի որ ինքն արդեն մոտենում է 40-ամյա տարիքին, բայց իր ընկերները 25-ամյա երիտասարդներ են։

«Բազե» համահայկական մրցույթը 7 օրերի ընթացքում համախմբում է շուրջ 500 երիտասարդի, ովքեր մրցում են մշակութային, մարզական, ինտելեկտուալ խաղերում, ունենում հանդիպումներ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների հետ։ «Բազե 2015»-ը ներկայանալու է ինքնատիպ ոճավորմամբ։ Բազեականների շապիկները զարդարելու են հայկական թագավորական տոհմերի զինանշաններն ու ազգային զարդանախշերը։

Նշենք, որ «Բազեն» առաջին անգամ անցկացվել է 2002 թվականին։ Այս տարիների ընթացքում այն մշտապես եղել է պահանջված երիտասարդական ծրագիր։

Պահպանելով հավաքի հիմքում դրված սկզբունքները (առողջ մրցակցություն, երիտասարդների համախմբում, սեփական ուժերը դրսևորելու հնարավորություն)՝ կազմակերպիչները մշտապես նոր տարրեր են մտցնում հավաքի օրակարգում։

13 տարիների ընթացքում «Բազե» հավաքին մասնակցել է ավելի քան 8500 երիտասարդ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս