Այսօր դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կինոյի ու թատրոնի հայ խորհրդային դերասանուհի, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մետաքսյա Սիմոնյանի մահվան օրն է: Նա ծնվել է 1926թ. փետրվարի 21-ին, մահացել 1987թ. օգոստոսի 11-ին:

Մետաքսյա Սիմոնյանը ծնվել է Աշխաբադում։ 1933 թ.-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1948 թ.-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը (ղեկավար՝ Վարդան Աճեմյան)։ Նույն թվականին հրավիրվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն։ 1968 թ.-ից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1983 թ-ից)։

Դեռևս սովորելու տարիներին հաջողությամբ խաղացել է զվարթ ու կենսախինդ Կատերինայի (Ֆեոդոր Սոլոգուբի «Քնքույշ սրտից պատուհաս»), խոհուն և սիրառատ Անանիի (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») դերերը։ Առաջին հիշարժան դերերից են Արմանուշը (Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Այս աստղերը մերն են», ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1950 թ.), Նինան (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես», Արբենինի դերում՝ Վահրամ Փափազյան)։ Նինայի դերակատարումն աչքի է ընկել հմայքով ու գրավչությամբ, մաքուր հոգու բանաստեղծականությամբ։

Նախընտրելով ճակատագրական կնոջ և նրա իրավունքների թեման՝ Սիմոնյանը հայ թատրոնում շարունակել է Արուս Ոսկանյանի և Ռուզաննա Վարդանյանի ստեղծած ավանդույթները։

Նույն հաջողությամբ հանդես է եկել նաև ռուսական, արևմտաեվրոպական և հայ հեղինակների պիեսներում, խաղացել և՜ կատակերգական, և՜ ողբերգական դերեր։ Գեղեցիկ ձայնի, կանացի ու արտիստական մեծ հմայքի շնորհիվ Սիմոնյանը տասնյակ տարիներ եղել է թատրոնի առաջատար դերասանուհի, կերտել անմոռանալի կերպարներ. Շուրա (Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլչովը և ուրիշներ»), Դեզդեմոնա, Ջուլիետ, Կորդելիա (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Ռոմեո և Ջուլիետ», «Լիր արքա»), Սուսան (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Հուդիթ (Կարլ Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Նուարդ (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Կատրին Լեֆևր (Վիկտորիեն Սարդուի և Էժեզիպ Մորոյի «Մադամ Սան-Ժեն»), Մարթա (Էդուարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից», վերջին դերը) և այլն։




Լրահոս