«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամեն տարի ամռանը, երբ Հայաստանում սկսվում է բերքահավաքը, եւ գյուղացիներն իրենց աճեցրած բերքն իրացնելու խնդրի հետ են բախվում, մշտապես նույն պատկերին ենք ականատես լինում. գյուղմթերքը խոստացվածից անհամեմատ ավելի էժան է մթերվում: Այն աստիճան, որ գյուղացիները լավագույն դեպքում մի կերպ կարողանում են իրենց ծախսած գումարները ետ ստանալ, իսկ զարգացման մասին խոսք անգամ լինել չի կարող: Իհարկե, իշխանական լրատվամիջոցներում կարելի է ամեն օր հանդիպել գյուղատնտեսության նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանի հարցազրույցներին, եւ տպավորություն է ստեղծվում, որ նա օր ու գիշեր չի քնում եւ միայն գյուղացիների հոգսերի մասին է մտածում: Սակայն իրականում նա այդպես էլ չի կարողանում մի պարզ հարց լուծել, որպեսզի գյուղմթերքի մթերման ժամանակ վերամշակող ընկերությունները մթերվող ապրանքի գներն արհեստական չգցեն:
Նշենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից «Ժողովուրդ»-ին տրված պարզաբանման համաձայն՝ ցորենը մթերվում է 1 կգ-ը 110-ից 130 դրամ: Սակայն իրականում այդ գնով անգամ ոչ ոք մթերում չի կատարում: Տեղական ցորենը մթերվում է հիմնականում 80 դրամով, լավագույն դեպքում 100 դրամով: Իսկ իրականում նախարարության տված մթերողների ցանկի կոնկրետ երկու ներկայացուցիչ՝ «ԱՏ Գրեյն», «Արնդանե» ընկերությունները, ընդհանրապես հրաժարվում են հացահատիկ մթերել: Սակայն, եթե գնային քաղաքականությունը շուկայական հարաբերությունների արդյունքում ձեւավորվեր, ապա ոչ ոք ոչինչ չէր կարող ասել, բայց ողջ խնդիրն այն է, որ Հայաստանում գյուղմթերքի վերամշակման շուկան վաղուց կենտրոնացված է, եւ գներն էլ հիմնականում մեկ կետից են թելադրվում: Հիմնական «թելադրողներն» էլ ՀՀ կառավարությունն ու անձամբ գյուղնախարար Սերգո Կարապետյանն են»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: