Սեյրան Օհանյանը՝ սուպերնախարա՞ր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 8-9-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Տավուշի մարզ: Նախարարին ուղեկցել են ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: ՊՆ ղեկավարությունն այցելել է Ադրբեջանի հետ սահմանի առաջնագիծ, որից հետո Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիսի գյուղապետարանում հանդիպում է ունեցել սահմանամերձ Բաղանիսի, Ոսկեպարի, Ոսկեվանի, Կոթիի, Բարեկամավանի, Կիրանցի, Բերքաբերի, Վազաշենի գյուղապետերի հետ:

Քննարկվել են սահմանային գոտում առկա իրավիճակը եւ սահմանամերձ համայնքներին աջակցություն տրամադրելու հետ կապված հարցեր: Ս. Օհանյանը անսալով սահմանամերձ  համայնքների ղեկավարների խնդրանքներին՝ խոստացել է դիզելային վառելիքի հարցում  աջակցություն ցուցաբերել սահմանամերձ գյուղերին՝ ներհամայնքային ճանապարհները նորոգելու, որոշ բնակավայրերում գիշերային լուսավորություն անցկացնելու համար: Նշենք, որ Ս. Օհանյանը պարբերաբար օգնում է սահմանամերձ համայնքների հիմնախնդիրների լուծմանը, եւ գյուղապետերը գոհ են պաշտպանության նախարարի նման  վերաբերմունքից: Սակայն հարց է ծագում՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը սահմանամերձ համայնքների խնդիրները լուծելու համար ֆինանսներ ունի՞:

Ս. Օհանյանը պետք է իր ուշադրությունը ավելի շատ ուղղի սահմանագոտու պաշտպանությանը: Ի դեպ, հենց նախարարի այցի ժամանակ՝ օգոստոսի 8-ին, Իջեւանի սահմանագոտում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Նվեր Սահակյանը: Օգոստոսի 4-ին էլ Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղի սահմանագոտում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Սամվել Խարազյանը: Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն այդ դեպքերի մասին պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չէր եկել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս