Մեր հարևանները փորձում են լարվածությամբ քաղաքական դիվիդենտներ շահել. Սեյրան Օհանյանը` սահմանի լարվածության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Նա նշեց, թե Ադրբեջանում կայացած Եվրոպական խաղերից հետո սահմանին լարվածության աստիճանը մեկ բարձրանում է, մեկ` իջնում:

«Մեր հարևանները փորձում են լարվածությամբ քաղաքական կամ տնտեսական դիվիդենտներ շահել», – նշեց նա:

Նախարարի խոսքով, վերջին օրերին հակառակորդը կրակում է խոշոր հրաձգային զենքերից և ավելի բարձր խոցման աստիճան ունեցող ականանետերից: «Վերջին օրերի ընթացքում մի քանի դիվերսիոն-հետախուզական փորձեր են եղել, որոնք հայկական զինուժի կողմից կանխվել է», – հավելեց Օհանյանը:

Պաշտպանության նախարարը նշեց, որ հայկական կողմի` հրադադարի ռեժիմի պահպանման հորդորներին հակառակորդը պատասխանում է լարվածությամբ:  «Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները հաստատակամ են, իրենց պարտականությունները գերազանց կատարում են: Ցավոք սրտի, մենք վերջին օրերին ունեցանք մեկ կորուստ: Բայց, այնուամենայնիվ, մենք մեր առջև դրված խնդիրները կատարում ենք», – եզրափակեց նախարարը:




Լրահոս