Վարուժան Ներսիսյանն ինձ համար բացարձակ մրցակից չէ. Վարդան Ղալումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 13-ին Իջեւան քաղաքում սպասվող ընտրությունները, ամենայն հավանականությամբ, չեն զիջի նախորդներին, կլինեն թեժ ու մրցակցային. ՀՀԿ-ն կպայքարի ընդդեմ ՀՀԿ-ի:

Ներկա պահին առաջադրված երկու թեկնածու կա․ նախկին եւ ներկա քաղաքապետները՝ Իջեւանի ներկայիս գործող քաղաքապետ, Հանրապետականի թեկնածու Վարդան Ղալումյանը եւ նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական, Կադաստրի Տավուշի մասնաճյուղի տնօրեն Վարուժան Ներսիսյանը…

– Պարոն Ղալումյան, փաստորեն, Ձեզ հաջողվեց շահել ՀՀԿ-ի վստահությունը, բայց Ձեր դեմ պայքարելու է ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանը, ինչպե՞ս եք պատկերացնում պայքարը:

– Արի սենց պայմանավորվենք․ համբերեք՝ գրանցման փուլն էլ ավարտվի, տեսնենք ում կգրանցեն, նոր կզանգես, ազիզ ջան, կխոսենք:

– Ինչո՞ւ, կասկածում եք, որ Դուք կհրաժարվե՞ք պայքարից, թե՞ ՀՀԿ-ն կստիպի Ձեր մրցակցին հանել թեկնածությունը:

– Ես հաստատ չեմ հանի, իմ մասին չէ խոսքը, իսկ Վարուժան Ներսիսյանն էլ իմ համար բացարձակ մրցակից չէ: Կարծում եմ, խայտառակ պարտությունից խուսափելու համար, ինքը կհանի թեկնածությունը, բայց ես շատ կուզենամ, որ չհանի: Իսկ նախկին մարզպետն էլ իրան չի աջակցում, աջակցում ա հենց ինձ, հասկացա՞ք, ինքն էլ շատ լավ անձնավորություն ա:

– Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը, չէ՞ որ Դուք, փաստորեն, պաշտոնի համար փոխեցիք Ձեր  կուսակցությունը, նախկինում ԲՀԿ-ի շնորհիվ քաղաքապետ դարձաք, հետո լքեցիք, երբ ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներ գործադրվեցին:

– Բայց ինչի՞ պաշտոնի համար:

– Չե՞ք ընդունում, որ անցած անգամ ԲՀԿ-ի ռեսուրսների շնորհիվ քաղաքապետ դարձաք, հիմա էլ ուզում եք ՀՀԿ-ի միջոցով…

– Ի՞նչ ֆինանս, ֆինանս չկա, մուտիլովկեք ես անում, համ էլ քե՞զ ինչ՝ ով ինչ միջոց օգտագործեց:

– Այնուամենայնիվ, 2011-ին Դուք քաղաքապետ դարձաք առավել ընդդիմադիր դիրքորոշում ունեցող ԲՀԿ-ի միջոցով, հիմա ՀՀԿ-ի կարգավիճակում շանսեր ունե՞ք:

– Ժողովուրդն է ընտրողը, ե՞ս եմ որոշողը:

– Իջեւանցիները ճի՞շտ կգնահատեն Ձեր քայլը, այսինքն՝ ինչպե՞ս են ընդունում «դավանափոխներին», Դուք նախկինում ԲՀԿ-ական էիք, հիմա՝ ՀՀԿ-ական…

– Քաղաքական պաշտոն ա, անկուսակցական եմ եղել, դարձել եմ ՀՀԿ: Ինչի՞ համար ես ինձ նույն հարցը տալիս, ԲՀԿ-ից հրաժարվել եմ, դարձել եմ ՀՀԿ-ական, ինչ ա, ըտեղ վատ բա՞ն կա, անընդհատ ասում ես՝ կուսակցությունից կուսակցություն ես գնացել:

Հլը սպասի, մոտս  մի ավագանու անդամ կա, հլը սպասի հարցնեմ՝ ո՞նց ես գնահատում, որ ՀՀԿ-ական եմ,… «Ընտիր»՝ ասում ա:

– Հնարավո՞ր է մյուս ընտրություններից առաջ էլ դառնաք, օրինակ, ՀՅԴ-ական:

– Ընտրությունները կուսակցության մեջ մտնելու հետ ընդհանրապես կապ չունեն:

– Հիմա եթե ՀՀԿ-ական չդառնայիք, Ձեզ կաջակցե՞ր ՀՀԿ-ն:

– Լսի՝ կուսակցություն մտնելու մասին էդքան մի խոսա, ժողովուրդն ա ընտրողը, ինքն ա արած աշխատանքների գնահատականը տալիս, համբերեք կտենաք՝ իրա 12 տարվա աշխատա՞նքն են գնահատում, թե՞ իմ 3.5 տարվա, էն կես տարին չեմ էլ աշխատել, ավագանու հետ կապված խնդիր եմ ունեցել: Մեր մոտ ընտրությունները տոնական են լինելու, ես ձեզ խոստանում եմ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս