«Այս որոշումը շատ խորը մտածված էր, պարզապես մեզ շատ հապճեպ ներկայացվեց, այնքան հապճեպ, որ որոշման մեջ բոլորս անհասկանալի երևույթներ գտանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին, ասաց «Հայ նախագիծ» ընկերության տնօրեն, Մարզահամերգային համալիրի նախագծման համահեղինակներից Գրիգոր Ազիզյանը:
Նրա խոսքով, այժմ մեզ ներկայացվում է մի կազմակերպություն, ով անցյալ չունի, իսկ ապագայի մասին ոչինչ չգիտենք: «Այստեղ մի միտք է գալիս՝ ում ենք տալիս այդ կառույցը: Իսկ միգուցե դրա ետևում իսկապես մեկ այլ ուժեր կան: Թող մեզ ներկայացնեն այն ուժերին, որոնք ունակ են պահպանել Մարզահամերգային համալիրը»-նշեց նա:
Ըստ Ազիզյանի, Կառավարությունը Մարզահամերգային համալիրն ունակ չէ պահպանել, քանի որ պետությունը չի կարող հոգալ այդ կառույցի մասին: Ազիզյանի կարծիքով, միակ հնարավոր լուծումը համալիրի սեփականաշնորհումն է:
«Ի՞նչ է նշանակում զվարճանքի կենտրոն: Նույն Մարզահամերգային համալիրն ամեն ինչ ունի իր ներսում, որոնցից շատերը չեն աշխատում և ներսում լուրջ բաներ կարելի է կազմակերպել»,-հավելեց նա: