Հայաստանի և Վրաստանի գյուղնախարարներն առանձնազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Վրաստան կատարած այցի երկրորդ օրը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վրաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, որտեղ կայացել է երկու երկրների գյուղնախարարների առանձնազրույցը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում հարաբերությունների ընդլայնման և նոր ուղղություններով փոխգործակցության զարգացման շուրջ:

Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է երկուստեք ջանքեր ներդնել հատկապես ապրանքաշրջանառության ծավալների մեծացման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ` ընդգծելով առկա ներուժի առավելագույնս արդյունավետ իրացման կարևորությունը:
Երկու հարևան երկրների ագրարարին ոլորտի պատասխանատուներն առանձնացրել են փորձի փոխանակման հնարավորությունները մասնավորապես ձկնաբուծության ոլորտում և «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD) շրջանակում, որն ուղղված է գյուղատնտեսության եւ գյուղականհամայնքների կայուն եւ համապարփակ զարգացմանը:
Հանդիպման ավարտից հետո Սերգո Կարապետյանը և Օթար Դանելիան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Հայաստանի գյուղնախարարը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով համագործակցության ընդլայնման հեռանկարներին, իր խոսքում հատկապես կարևորել է գյուղացիական կոոպերատիվների խթանման, ապահովագրական համակարգի ներդրման ուղղություններով գործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Նախարարը հավելել է, որ Վրաստանի համար կարող է օգտակար լինել խաղողի սեղանի սորտերի աճեցման տեխնոլոգիաների, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների զարգացման հայկական փորձը:
Առանձնահատուկ կարևորվել է փոխայցելությունների ակտիվացումը երկու հարևան երկրների միջև ինչպես պաշտոնական մակարդակում, այնպես էլ մասնագիտական շրջանակներում:

Նախարարները ևս մեկ անգամ ընդգծել են ձեռներեցության խթանման կարևորությունը համատեղ նոր ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ` մատնանշելով հայ և վրացի գործարարների համատեղ ներդրումներով ստեղծված «Իխտիոսի» ձկնաբուծարանի հաջողված օրինակը:
Նախարար Կարապետյանն այցելել է նաև Վրաստանի սննդամթերքի անվտանգության գործակալություն և գիտական կենտրոն, ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Այնուհետև Սերգո Կարապետյանն իր վրացի պաշտոնակցի ուղեկցությամբ ուղևորվել է Կախեթի, որտեղ այցելել է «Կինձմարաուլիս մարանի» գինեգործական ընկերություն, «Մեխանիզատոր» ծառայությունների կենտրոն:

 




Լրահոս