«Նաիրիտ» գործարանի նախկին մոտ 50 աշխատակից այսօր հավաքվել էին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի դիմաց: Նրանք պահանջում էին պատասխանել դեռևս մեկ ամիս առաջ ուղարկված նամակին:
Armlur.am-ի հետ զրույցում գործարանի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը ներկայացրեց նախարարության դիմաց հավաքվելու պատճառները: Նրա խոսքով, իրենք դեռ հուլիսի 18-ին նախարարին նամակ էին ուղղել, որով պահանջել էին պարզաբանել իրենց հետ կնքված պայմանագրի մի քանի կետեր, սակայն մինչ այժմ որևէ արդյունք չի եղել:
«Հարցադրում էինք արել, թե աշխատավարձերի ուշացման համար դատարան դիմաց և շահած աշխատակիցների ծախսերն ինչպես են փոխհատուցվելու: Մյուս հարցը վերաբերում էր տույժ-տուգանքներից հրաժարվելու կետի իրավաչափ լինելուն»,- նշեց Կարինեն:
Նա հավելեց, որ իրենց նախարարությունից պատասխանել են, որ իրենք իրավասու չեն ոչինչ ասել և պարզաբանումների համար պետք է դիմեն գործարանի տնօրենին: Կարինեն նշեց, որ վերջին օրերին իրենք տնօրենին չեն հանդիպել և չեն խոսել նրա հետ: Համակարգող խմբի անդամը հավելեց, որ նախարարության դիմաց հավաքված լինելու ժամանակ իրենց է մոտեցել նախ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարը, ապա նախարար Երվանդ Զախարյանը: Վերջինս նաիրիտցիների հետ զրույցում միայն հիշեցրել է վարչապետի այն խոսքերը, որ ներդրողներ լինելու դեպքում հնարավոր կլինի մտածել գործարանի վերագործարկման մասին:
Համակարգող խմբի անդամը նշեց, որ սեպտեմբերից իրենք պատրաստվում են նոր բողոքի ակցիաներ սկսել: