ՀԱԿ խմբակցությունը ստացել է գազի հարցերով ձևավորված հանձնաժողովի կողմից գլխավոր դատախազին ուղարկված նամակի պատասխանը, որտեղ ներկայացվել են խախտումների մասին ուսումնասիրությունները և հարց ուղղվել, թե ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի շամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ընթերցեց դատախազի նամակի վերջին մասը, ըստ որի՝ քրեական վարույթ սկսելու անհրաժեշտություն չկա:
«Գազամատակարարման վերաբերյալ եզրակացության առկա տվյալները ոչ թե հանցագործության, այլ գազի սակագնի փոփոխումը տնտեսապես հիմնավորված չլինելու վերաբերյալ տվյալներ են պարունակում, այլ կերպ՝ այդ համակարգի գործունեության վերաբերյալ եզրակացության առկա տվյալները չեն կարող դիտվել որպես հանցագործություն, և քրեական վարույթ սկսելու անհրաժեշտություն չկա»,- ընթերցեց պատգամավորը:
Պատգամավորը հավելեց, որ իրենց համար պատասխանը սպասելի էր: «Բնականաբար սպասելի էր այս պատասխանը, որ ՀՀ իշխանություններն ամբողջապես համաձայն են, կամ այլ կերպ չեն էլ կարող վարվել «Գազպրոմ»-ի իրականացրած խախտումների հետ»,- հավելեց նա:
ՀԱԿ խմբակցության քարտուղարն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ դեռ երկու օր առաջ հայտարարվել է, որ գազի գինը սահմանին դարձել է 165 դոլար: Ըստ նրա, օրենքով պարտադիր պետք է ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանն էժանացնի գազի գինը: «Գազի գին կազմող բաղադրիչներից եթե որևէ մեկն ավելանում կամ պակասում է, պարտադիր վերջնական գինը պետք է փոխվի: Հիմա սակագինը փոխվել է, և Նազարյանը պարտավոր է 165-ը ֆիքսել որպես բազային գին, որից հետո փոփոխություններ կատարել»,- ասաց նա: