Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում գյուղացին գյուղմթերքի իրացման խնդրի առաջ է կանգնած: Գյուղացիները չեն կարողանում նույնիսկ իրենց բերքի ինքնարժեքը ստանալ: Թեեւ գյուղնախարար Սերգո Կարապետյանն անընդմեջ խոստումներ է տալիս, որ այլեւս գյուղացին չի կանգնելու իրացման խնդրի առաջ, այնուամենայնիվ, փաստ է, որ մարդիկ կանգնել են խնդրի առաջ:
«Մեր գյուղացիական տնտեսություններն արդեն այսօր պետք է ամբողջովին վստահ լինեն, որ իրենց արտադրած բերքը, անկախ որեւէ հանգամանքից, ամբողջ ծավալով, առանց որեւէ խնդրի կիրացվի, եւ այդ գործընթացը պատշաճ ու հստակ կազմակերպելու համար պետության կողմից բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են: Մենք խիստ հետեւողական ենք լինելու, որպեսզի բերքն այգիներում չմնա, եւ մթերումները ժամանակին իրականացվեն:
Գյուղացին այս հարցում մտահոգություն չպետք է ունենա»,- այս հայտարարությունն արել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վայոց Ձորի մարզում ապրիլի 29-ին հրավիրված խորհրդակցությանը: Սակայն հակառակ Հայաստանի գլխավոր գյուղատնտեսի՝ գյուղացին շարունակում է մտահոգություններ կրել, ավելին՝ դրանք կիսում է միայնակ:
«Ժողովուրդ»-ը գյուղատնտեսության նախարարությունից հետաքրքրվեց՝ այս ընթացքում որ ընկերություններն են դեղձ մթերում եւ որքանով: Մեր հարցմանն ի պատասխան՝ ԳՆ-ից փոխանցեցին հետեւյալը. «Այսօրվա դրությամբ դեղձի մթերումներ է սկսել միայն «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ կոմպոտի արտադրության նպատակով: Եւ 1կգ-ն մինչեւ 300 դրամով է մթերվում, իսկ խտանյութի արտադրության համար դեղձի մթերումները կսկսվեն ավելի ուշ, եւ մթերման գները կորոշվեն այդ ժամանակ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մթերող ընկերությունների կողմից մթերման գները սահմանվում են ինչպես արտադրանքի տեսականուց եւ որակական ցուցանիշներից կախված, այնպես էլ ելնելով տվյալ հումքից ստացվող պատրաստի արտադրանքի իրացման միջազգային շուկայում ձեւավորված գներից»:
Եւ այսպես, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պաշտոնապես «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ բացի նախարարին պատկանող «Արտֆուդ» ընկերությունից՝ որեւէ այլ ընկերություն դեղձ չի մթերում: Իսկ որքանո՞վ են իրական այդ հավաստիացումները:
Մենք փորձեցինք կապվել նաեւ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի՝ «Արտֆուդ» ընկերության հետ: Ընկերության մթերման հարցերով պատասխանատու Դավիթ Ավետիսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ընկերությունը դեռ չի սկսել դեղձի մթերման աշխատանքները: «Դեղձը դեռ համատարած չի հասունացել, եւ այն մինիմում քանակը, որը մեզ անհրաժեշտ է, որպեսզի մեր հոսքագիծը անխափան աշխատի, այն դեռեւս մեզ չեն առաջարկում: Քանի որ համատարած լիովին հասունացած դեղձ, որպես այդպիսին, չկա: Այն փոքր քանակ վաղահաս դեղձը, որը վերցրել էինք, մենք արդեն դրա դիմաց ամբողջությամբ բնակիչներին վճարել ենք»,- ներկայացրեց «Արտֆուդ»-ի ներկայացուցիչը:
Ստացվում է՝ դեռ մթերում էլ չեն արել:
Մինչդեռ Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչները այս օրերին փորձում են իրենց ունեցած դեղձը իրացնել տեղական շուկայում: Ինչպես Արարատ գյուղի, այնպես էլ Նորաշենի բնակիչները նույնպես իրենց դեղձը սպառում են տեղական շուկայում, քանի որ մթերող չկա:
Այս իրավիճակը եւս մեկ անգամ վկայում է այն իրողության մասին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հ1-ին տրված հարցազրույցներից բացի՝ իրականում որեւէ աշխատանք չի կատարում՝ գյուղացու հոգսը թեթեւացնելու համար: Նա ընդամենն ապահովում է իր ինքնագովազդը եւ ոչ ավելին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ