Ցեմենտի գործարանի արտադրանքը աճուրդի է հանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի ցեմենտի գործարանը վերջին ամիսներին հայտնվել է դժվարին կացության մեջ: 1970-ականներին հիմնադրված ցեմենտի գործարանն այսօր ոչ մի տեսակի գործունեություն չի ծավալում: Ավելին՝ այս ընթացքում գործարանը հասցրել է հսկայական պարտքեր կուտակել եւ տեւական ժամանակ չաշխատելու հետեւանքով հայտնվել է սնանկացման եզրին:

Նշենք, որ «Հրազդան ցեմենտ» ընկերության արտադրանքն օգտագործվում էր Հայաստանում շինարարական գրեթե բոլոր կարեւորագույն ծրագրերում, ինչպես նաեւ արտահանվում էր Անդրկովկասի հանրապետություններ եւ Ռուսաստան: ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1990-ականներին, գործարանը գրեթե չէր աշխատում, մինչեւ որ 2001 թվականին այն սեփականաշնորհեց «MIKA Armenia» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը: Նույն տարում գործարանը վերանվանվեց եւ կոչվեց «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ: Ավելի ուշ Բաղդասարովը «Միկա-Ցեմենտ»-ը «ՎՏԲ Հայաստան» բանկին փոխանցեց՝ «Արմավիա» ավիաընկերության պարտքերի դիմաց: Այնուհետեւ ցեմենտի գործարանը 2014 թվականի հուլիսին վերսկսեց իր աշխատանքը «ՎՏԲ Հայաստան» բանկից ստացած վարկի շնորհիվ: Սակայն դա էլ, փաստորեն, երկար չտեւեց:

«ժողովուրդ»-ը ցեմենտի գործարանի աշխատակիցներից տեղեկացավ, որ տեւական ժամանակ է, ինչ գործարանը չի աշխատում, եւ տնօրինությունն այն աշխատեցնելու մտադրություն չունի: Գործարանի նախկին աշխատակիցները փոխանցեցին նաեւ, որ գործարանի դրամական միջոցները ներկայումս սառեցված են: Ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի հետ, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց խոսել այդ թեմայով:

Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ վերջերս ցեմենտի գործարանի տնօրենը հայտարարել էր, որ գործարանի` հարկային մարմիններին ունեցած պարտքը կազմում է 509 մլն դրամ: Նշված գումարից ընկերության իրական հարկերի գծով պարտքը կազմում է 141 մլն դրամ, իսկ 367 մլն դրամի չափով մնացած գումարը տուգանքներն ու տույժերն են, որոնք առաջացել են հարկերը ժամանակին չվճարելու հետեւանքով:

Ըստ Նաիրա Մարտիրոսյանի՝ ընկերությունը 2008-2014 թվականներին վճարել է 2,9 մլրդ դրամի հարկ, սակայն շարունակվող ճգնաժամի, արտահանման հետ կապված խնդիրների եւ ներքին շինարարության կտրուկ անկման պատճառով ընկերությունը վնասներ է կրել եւ չի կարողացել վճարել հարկերը: Գործարանի տնօրինությունը դիմել է համապատասխան կառույցներին պարտքի մարման այլ տարբերակներ գտնելու խնդրանքով, սակայն նրանց այդ հարցում մերժել են:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Հրազդան ցեմենտ»-ի դեմ մի քանի դատական հայցեր կան՝ բոլորն էլ գումարի բռնագանձման պահանջներով:

Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարեվերջին ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել նաեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ դարձյալ պարտքի բռնագանձման պահանջով: Խոսքը 1 մլրդ 125,5 մլն դրամ գումարի մասին է: Միաժամանակ հայցվորը՝ տվյալ դեպքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, խնդրել է հայցագնի չափով արգելանք դնել գործարանին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա, ինչն էլ դատարանի կողմից բավարարվել է:

Ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերության՝ դեռեւս 2013 թվականի օգոստոսի 14-ին ընկերության եւ գործարանի միջեւ կնքվել է բնական գազի մատակարարման պայմանագիր. «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ն հանդիսացել է գազօգտագործող բաժանորդ: Պայմանագրով «Գազպրոմ Արմենիա»-ն պարտավորվել է սպառողին ապահովել բնական գազով, իսկ ցեմենտի գործարանը` վճարել յուրաքանչյուր ամսվա ընթացքում սպառած գազի դիմաց: Բնականաբար ցեմենտի գործարանն օգտվել է ընկերության մատակարարած ծառայություններից, սակայն չի վճարել դրանց դիմաց, ինչի հետեւանքով գործարանի դեբիտորական պարտքը, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ, կազմում է 1 մլրդ 110 մլն 215 հազար 276 դրամ: Եւ քանի որ ընկերությունը չի վճարել պարտքի գումարը, հետեւաբար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Կոտայքի ԳԳՄ-ն հայցով դիմել է դատարան` պարտքի, տույժի եւ վճարված պետական տուրքի գումարը դատական կարգով բռնագանձելու համար:
Այս տարվա մայիսի 19-ին դատարանը բավարարել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայցը եւ որոշում կայացրել «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Կոտայքի ԳԳՄ-ի բռնագանձել 1 մլրդ 110 մլն 215 հազար 276 դրամ պարտքի, 106 մլն 21 հազար 528 ՀՀ դրամ տույժի եւ 22 մլն 510 հազար 630 դրամ վճարված պետական տուրքի գումար:

Բացի այդ` այս տարվա հուլիսի 28-ին ընդդեմ «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ի Կոտայքի մարզի դատարան է դիմել «Հայկական զարգացման բանկ» ԲԲԸ-ն՝ գումար բռնագանձելու պահանջով:

Դատարաններում «Հրազդան ցեմենտի» պարտվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել գործարանի արտադրանքը՝ ցեմենտը: Օրինակ՝ ցեմենտ Մ-400, առանց պարկերի, 1186 տոննա, արժեքն է 31 մլն 725 հազար դրամ: Կամ ցեմենտ Մ-600, առանց պարկերի, 1438 տոննա, արժեքն է 56 մլն 297 հազար 700 դրամ: Այս ցանկը կարելի է շարունակել, որովհետեւ աճուրդի հանված ցեմենտի քանակությունը մեծ է, իսկ գնային առաջարկներ չկան ու չկան: Ի դեպ, արդեն իսկ կայցել է ցեմենտի աճուրդի մի քանի փուլ, ինչի արդյունքում գինը զգալիորեն նվազել է:
Ահա, այսպես` վատ կառավարման եւ երկրում առկա տնտեսական ճգնաժամի պատճառով երբեմնի հսկան այսօր հայտնվել է սնանկացման եզրին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս