Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, թե ռեժիմը շարունակում է հաշվեհարդարի քայլեր կատարել Գևորգ Սաֆարյանի նկատմամբ:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը ազատվել է աշխատանքից՝ հաստիքների կրճատման ձեւական պատճառաբանությամբ: Նա աշխատում էր «Այբ» դպրոցում՝ որպես անվտանգության աշխատող:
Իրականում նրան աշխատանքից ազատելու պատճառը նրա քաղաքական ակտիվ գործունեությունն է, որը երբեմն դրսեւորվում է կտրուկ գործողություններով: Ռեժիմի համբերության բաժակը «լցվել է», քանի որ ս.թ. օգոստոսի 20-ին ռուսաստանաբնակ ուսանողուհի Սյուզի Գեւորգյանի նկատմամբ կատարված բռնության դեմ նախագահական նստավայրի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ Գեւորգ Սաֆարյանը ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի հասցեին հրապարակային կոշտ քննադատություն է հնչեցրել, այնուհետև ձվեր է նետել նախագահական նստավայրի վրա:
«Այբ» դպրոցը «Այբ» Հիմնադրամի համակարգի բաղադրիչ է, որի կառավարման մարմնի՝ Գործադիր խորհրդի անդամներից է Սերժ Սարգսյանը, իսկ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը Սերժ Սարգսյանի խորհրդականներից մեկն է:
Ռեժիմի այս քայլը Հիմնադիր խորհրդարանի եւ անձամբ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ 2014 թ. աշնանից սկիզբ առած հաշվեհարդարի շղթայի հերթական օղակն է: Դրա փոխարեն՝ նրա նկատմամբ 2014 թ. նոյեմբերի 26-ին մահափորձ կատարած անձինք, նրան հանիրավի կալանավորած եւ մինչ օրս մեղադրող պաշտոնյաները կամ նրան սպանելու սպառնալիք տված Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը անպատիժ կերպով շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը: