ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ Ազգային Ժողովի պաշտոնական կայքից
Երեկ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Հայոց մեծ ողբերգության մասին պատմող փաստաթղթերին եւ ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում:
ՀԱՐՑ. 2007 թվականին ստացել եմ վարորդական վկայական, որի մեջ նշված է եղել՝ պիտանի է ակնոցներով (կարճատեսության պատճառով): Հիմա դիմել եմ վիրահատության եւ կատարել տեսողության լազերային շտկում, հետեւաբար ակնոց չեմ կրում: Բայց վարորդական վկայականիս մեջ այդ կետը եւ ակնոցներով նկարս պահպանվում է: Խնդրում եմ ասեք՝ այս դեպքում ես ի՞նչ կարող եմ անել, ո՞ւմ դիմեմ եւ ինչպե՞ս վարվեմ:
Դավիթ Գրիգորյան (41 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է դիմել Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժանմունք, որպեսզի փոխեք Ձեր վարորդական վկայականը: Պետական վճարները կատարելու եք Դուք, իսկ այդ գործընթացը կանցնի առանց քննության, եթե վկայականի մեջ որեւէ նոր կետ չեք ցանկանում ավելացնել:
««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեզ մնում է ավելացնել, որ վարորդական իրավունքի համար պետք է հանձնել որակավորման 2 քննություն՝ տեսական եւ գործնական: Քննությունների համար սահմանված վճարներն են՝ տեսականի համար՝ 3.000 դրամ, գործնականի համար՝ 10.000+ 3.000: Իսկ վարորդական իրավունքի վկայականի համար՝ 12.000 դրամ:
ՀԱՐՑ. Հայրս կտակել է իր տունը փոքր եղբորս: Կտակի պահանջի համաձայն՝ եղբայրս տանը միայն ապրելու իրավունք ունի, իսկ վաճառելու դեպքում գումարը պետք է բաժանվի չորս երեխաներին հավասար բաժիններով: Եղբայրս, որին կտակով իրավունք է վերապահված, ՀՀ-ում չի ապրում: Խնդրում եմ ասեք՝ եթե տունը վաճառենք, ապա մենք մեր բաժինները կարող ենք ստանալ:
Իրինա Տոնոյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձեւով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, ըստ օրենքի զրկել ժառանգությունից ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին սույն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը: Նույն օրենսգրքի 1196-րդ հոդվածի համաձայն՝ երկու կամ մի քանի ժառանգներին կտակված գույքը համարվում է ժառանգներին հավասար բաժիններով կտակված, եթե կտակում չեն նշված բաժինները, եւ դրանում ցուցում չկա ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը կամ իրավունքը ժառանգներից որեւէ մեկին պատկանելու մասին: Նույն օրենսգրքի 1199-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կտակարարը կարող է կտակ կազմել ամբողջ գույքի, դրա մի մասի կամ առանձին գույքի կամ իրավունքների վերաբերյալ: Բոլոր այս իրավական ակտերի դրույթների մեջբերումները հուշում են, որ բնակարանի վաճառքի դեպքում Դուք Ձեր բաժինները կստանա՛ք ե՛ւ կստանաք հավասար չափով:
«Իրավունքի իրազեկում» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է ավելացնել, որ կտակը միակողմանի գործարք է եւ բոլորովին չի ներկայացնում որեւէ այլ անձի համաձայնությունը: Դրա վավերությունը բոլորովին կախված չէ բովանդակության հետ ժառանգի (ան)համաձայնությունից: Ի դեպ, նշանակություն չունի նաեւ՝ արդյոք ժառանգը տեղյակ է կտակի, դրա բովանդակության մասին, թե ոչ: