Արդյունաբերությունը ֆինանսավորում է ՋԷԿ-երի աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետության տնտեսության վիճակի իրական բնորոշիչ գործոններից մեկը էներգակիրների սպառման ցուցանիշն է: Եթե պետության տնտեսությունն աճ է ապրում, ապա էներգակիրների ծախսը եւս ավելանում է: Իսկ էներգակիրների սպառման պայմաններում տնտեսության աճի մասին խոսելը, մեղմ ասած, անհեթեթություն է:

Պաշտոնական աղբյուրները երեկ հրապարակել են այս տարի Հայասանում ներկրված եւ սպառված գազի վերջին ցուցանիշները: Ըստ այդմ, այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստան է ներկրվել 1 միլիարդ 144 միլիոն 400 հազար խորանարդ մետր գազ՝ անցած տարվա 1 մլրդ 179 մլն 870 հազար խորանարդ մետրի դիմաց: Անցած տարվա համեմատ գազի ներկրումը նվազել է 35,5 մլն խ/մ-ով: Ի դեպ, ուշագրավն այն է, որ հիմնականում նվազել է Ռուսաստանից ներկրվող գազը: Ինչպես հայտնի է՝ «Երեւան ՋԷԿ»-ի օգտագործման համար գազը ներկրվում է Իրանից: Անցած տարվա առաջին կեսին Ռուսաստանից ներկրված է եղել 1 մլրդ 12 մլն 750 հազար խ/մ գազ, իսկ այս տարի այդ ցուցանիշը կազմել է 960 մլն 500 հազար խ/մ, անկումը կազմել է 52 մլն 250 հազար խ/մ:

Ուշագրավ է նաեւ գազի սպառման թվերը. անցած տարվա համեմատ բաշխման ցանցով սպառված գազի ցուցանիշը նվազել է 117 մլն 180 հազար խ/մ-ով: Նկատենք, որ անցած տարվա առաջին կեսին բաշխվել է 949 մլն 780 հազար խ/մ գազ, այս տարի՝ 832 մլն 600 հազար խ/մ: Այսպիսով, պետք է արձանագրել, որ գազի սպառման գրեթե բոլոր խմբերում անկում է արձանագրվել: Միակ բացառությունը գազալցակայաններն են, որոնք անցած տարվա առաջին կեսի համեմատ՝ 3 մլն խ/մ-ով ավել գազ են սպառել: Բնակչության սպառած գազը նվազել է մոտ 3 մլն խ/մ-ով: Սակայն խիստ մտահոգիչ է արդյունաբերության սպառած գազի կտրուկ անկման փաստը: Այս տարի արդյունաբերությունը սպառել է 95 մլն 300 հազար խ/մ գազ, որը անցած տարվա ցուցանիշից պակաս է 21 մլն 550 հազար խ/մ-ով, անկումը կազմել է ավելի քան 18 տոկոս: Հասկանալի է, չէ, որ աճող տնտեսության արդյունաբերության գազի սպառումը նման կտրուկ ձեւով չի նվազում:

Ի դեպ, ըստ հրապարակված տվյալների՝ գազի ներկրման ընթացքում կորուստները կազմել են 48,9 մլն խ/մ, իսկ բաշխիչ համակարգում կորուստները 19,4 մլն խ/մ: Ստացվում է, որ մինչեւ գազը Հայաստանի սահմանից հասնում է սպառողին, վեց տոկոսը անհետանում է, իսկ այս երեւույթը կոչվում է կորուստ:

Սակայն ամենաարտառոց երեւույթն ի հայտ է գալիս, երբ ուսումնասիրում ենք սպառված գազի դիմաց վճարումների թվերը, ըստ այդմ, ստացվում է, որ Հայաստանի բնակչությունը եւ արդյունաբերությունը «Գազպրոմ Արմենիային» ֆինանսավորում են, որպեսզի այդ ընկերությունը իրեն պատկանող ՋԷԿ-երին գազ մատակարարի, թանկարժեք հոսանք արտադրի եւ մեկ այլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության միջոցով վաճառի ՀՀ բնակչության վրա: Բացատրենք, թե ինչպես է «Գազպրոմ Արմենիան» կյանքի կոչում իր այդ «աֆիորան»: Բանն այն է, որ սպառված գազի դիմաց բնակչության վճարումները կազմել են մոտ 100 տոկոս, գազալցակայանների վճարումները՝ 104,2 տոկոս, արդյունաբերությունը՝ 116,7 տոկոս, իսկ էներգետիկ համակարգինը՝ 66,9 տոկոս: Այսինքն՝ արդյունաբերությունը եւ գազալցակայանները իրենց սպառածից ավել են վճարել, ասել է թե՝ գերավճար են արել: Փոխարենը էներգետիկ համակարգը, որի մեջ մտնում են նույն «Գազպրոմ Արմենիային» պատկանող Հրազդան ՋԷԿ-ը եւ Հրազդան ՋԷԿ-ի «5-րդ էներգաբլոկ»-ը, գազը սպառել, բայց դիմացը չեն վճարել: Գազալցակայանների եւ արդյունաբերության գերավճարների շնորհիվ ընդհանուր սպառված գազի դիմաց վճարումները կազմել են 97,7 տոկոս:

Ինչպես հայտնի է՝ ընդամենը մեկ ամիս առաջ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 25 դոլարով էժանացրեց իր դուստր ձեռնարկությանը՝ «Գազպրոմ Արմենիային» մատակարարվող հազար խորանարդ մետր գազի գինը: Այս «էժանացման» համար մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը նույնիսկ շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Սակայն իրականությունն այն է, որ այդ էժանացման արդյունքում սպառողին մատակարարվող գազի գինը չի փոխվելու: Ուստի վերը բերված թվերով հանդերձ՝ ակնհայտ է դառնում, որ ռուսական կողմն ինքն իր համար է գազի գինն իջեցրել: Հավանաբար հասկացել են, որ հավերժ չեն կարող գազալցակայանների եւ արդյունաբերության գերավճարներով իրենց ՋԷԿ-երն աշխատեցնել:

Վահագն Հովակիմյան 




Լրահոս