Սերժ Սարգսյանը պարգևատրել է Սամվել Կարապետյանին, Սամվել Ալեքսանյանին, Գուրգեն Արսենյանին և այլ մարդկանց (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

13491_b

Նիստի սկզբում ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ միջանկյալ զեկույց, որից հետո տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Հայաստանի և Սփյուռքի մի խումբ բարերարներ, գործարարներ պարգևատրվել են ՀՀ պետական բարձր պարգևներով, արժանացել՝ շնորհակալագրերի: Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և մաղթել հաջողություններ:

13504_b

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը պարգևատրման արարողության ժամանակ

Հարգելի՛ պարգևատրվածներ,

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ: Ձեզնից յուրաքանչյուրի ներդրումը համազգային նշանակության այս գործում, իրոք, մեծ է: Շնորհակալ եմ ձեզ մեր կոչին անսալու և ողջ աշխարհին հասանելի դարձած միջոցառումներին սատարելու համար:

2015 թվականը բացառիկ տարի է բոլորիս համար: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը նախանշել և իրականացրել է միջոցառումների հսկայական շարք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այդ միջոցառումների աշխարհագրության, ընդգրկուն ծավալի և որակի մասին, կարծում եմ, կարիք չկա մեկ անգամ ևս խոսելու:

13475_b

Իմ գնահատականը հետևյալն է. մենք՝ որպես պետություն և որպես աշխարհասփյուռ հայություն, պատվով հանձնեցինք այս քննությունը: Մենք պատշաճ մակարդակով և իրապես բարձր հնչեղությամբ տեղ հասցրեցինք մեր ուղերձը: Նաև աշխարհին ներկայացանք որպես վերածնված և մեծ ներուժ ունեցող ազգ, որ քայլում է քաղաքակրթությանը համընթաց: Համաշխարհային հանրությունը վկան եղավ հայության արժանապատիվ ու բացառիկ միասնական կեցվածքին: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացն արձանագրեց նոր՝ ավելի բարձր մակարդակ:

Դա հնարավոր եղավ Հայաստանի Հանրապետության և համայն հայության ուժերի և հնարավորությունների համախմբման շնորհիվ: Մենք բոլորս միասին մեր գործով վերահաստատեցինք այն հավերժական ճշմարտությունը, որ հայերի միասնականությունը կարող է լուծել շատ բարդ խնդիրներ: Իսկ եթե բոլորս համախմբենք, մենք որևէ անլուծելի խնդիր չենք կարող ունենալ:

13497_b

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց մասնակցությունը բերեցին այդ կարևոր գործին: Անձամբ ես այնպիսի տպավորություն ունեմ, որ աշխարհում չգտնվեց մի հայ, որ անմասն մնար այս միջոցառումներին սատարելուց՝ լինի բարերար կամ արվեստագետ, նվիրատու կամ լրագրող, ցուցարար կամ դիվանագետ, կամավոր կամ պաշտոնյա, գիտնական կամ հոգևորական: Մենք արեցինք այն, ինչը մեր պարտքն էր: Եվ անելու ենք այնքան, քանի դեռ մենք մեր պարտքերը չենք վերադարձրել մեր Սուրբ նահատակների հիշատակի առջև:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հետագա հաջողություններ: Մենք տարին չենք ավարտել և նույնիսկ տարին ավարտելով՝ մենք չենք ավարտելու մեր աշխատանքը:

Շնորհակալություն:




Լրահոս