Yerkir.am-ի տեղեկություններով՝ գողության մեջ մեղադրվող և Բաքվում ապաստանած Վահան Մարտիրոսյանի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ Վ.Մարտիրոսյանի առնչությամբ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է երկու քրեական գործ, որոնցից մեկով նա ներգրավվել է որպես մեղադրյալ: Գողություն կատարելու կասկածանքով 2015 թ. սեպտեմբերի 2-ին Վահան Մարտիրոսյանը բերման է ենթարկվել, և քննիչը նրա նկատմամբ, որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նշենք, որ Մարտիրոսյանի նկատմամբ միջազգային հետախուզում կարող էր հայտարարվել այն դեպքում, եթե նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված լիներ կալանավորումը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ դեռևս սեպտեմբերի 9-ին կայացվել է Վ.Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մարտիրոսյանի` Բաքվում հայտվելուց անմիջապես հետո ադրբեջանցի իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն սեպտեմբերի 17-ին լրատվամիջոցներին պարզաբանել էր, որ Մարտիրոսյանի` Ադրբեջան տեղափոխվելու օպերացիան տևել է 10 օր: Այսինքն` առնվազն 10 օր, իսկ հետախուզում հայտարարելուց հետո 8 օր Մարտիրոսյանն ընտանիքի հետ եղել է Վրաստանում:
Մանրամասնները` սկզբնաղբյուր կայքում: