Ո՞ՒՄ ԽՂՃԻՆ ԿՄՆԱ ԱՂՄԿԱԼԻ ԾԵԾԻ ԱՊԱԳԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կեսօրից կայծակնային արագությամբ լուրեր տարածվեցին այն մասին, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործով ցուցմունք է փոխվել, եւ մարզպետի որդին ազատ կարձակվի:

Ինչպես գիտենք՝ Սյունիքի մարզպետի որդու ազատ արձակման համար այս 4 ամիսների ընթացքում հազար ու մի քայլեր ձեռնարկվեցին, ընդհուպ մինչեւ «գժի թղթի» առկայությունը, սակայն բոլորին էլ պարզ էր, որ մարզպետի որդին ազատության մեջ կհայտնվի միայն տուժող կողմի` Հարություն Զաքարյանի ցուցմունքը փոխելու դեպքում: Ասել է թե, երբ Հարություն Զաքարյանը հայտարարի, որ մարզպետի որդին` Տիգրանը չէ իրեն ծանր վնասվածք հասցնողը եղել, մարզպետի որդու կալանքը կփոխարինվի խափանման այլ միջոցով:
Եվ, ահա, երեկ տեղեկություններ տարածվեցին, որ մարզպետի որդու գործով տուժող կողմը ցուցմունք է փոխել: «Ժողովուրդ»-ը փորձեց գնալ լուրի հետքերով՝ հասկանալու համար, թե ինչ փոխվեց աղմկալի ծեծից 4 ամիս անց: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով` տեղի ունեցած միջադեպի գործով ծանր վնասվածք ստացած Հարություն Զաքարյանը Մոսկվայից եկել է Հայաստան եւ սեպտեմբերի 22-ին մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից նշանակված փորձաքննությանը: Ավելին՝ մեզ հաջողվեց պարզել, որ Հարությունի եւ այս գործով կալանավորված Յուրիկ Մանուչարյանի միջեւ տեղի է ունեցել առերես հարցաքննություն: Այս հարցաքննության ժամանակ Յուրիկ Մանուչարյանը պնդել է, որ Հարությունի աչքի վնասվածքը ինքն է պատճառել: Պարզեցինք, որ Հարությունն էլ ասել է, թե ինքը հստակ չի հիշում՝ ով է հասցրել իրեն վնասվածքը, միգուցե Յուրան է եղել, ինքը հստակ չի հիշում:
Տուժող Հարություն Զաքարյանի այս կասկածամտորեն ասած խոսքից էլ քննիչները պետք է փորձեն «բռնվել» եւ հասկանալ՝ փոխո՞ւմ են մարզպետի որդու նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, թե ոչ: Եվ որպեսզի քննիչներն այդ պատասխանատվությունը իրենց վրայից հանեն, կողմերի ցուցմունքները հաշվի առնելով՝ պետք է միջնորդություն ուղարկեն այլ իրավապահ մարմին` այս դեպքում ՀՀ դատախազություն՝ նշելով, որ գործով փոփոխություն կա, ուստի դուք որոշեք՝ ինչ անել՝ շարունակել կալանքի տակ պահել մարզպետի որդուն, թե՞ ոչ: Եվ, ահա, դատախազությունն էլ նայելով կողմերի բացատրությանը՝ պետք է իրականացնի որոշում՝ բավարարելով կամ մերժելով քննությունը իրականացնող մարմնի միջնորդությունը:
Այն, որ մարզպետի որդուն պետք է ազատ արձակեն, Հայաստանում գրեթե ոչ ոք չի կասկածում՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մարզպետը, ըստ շրջանառվող լուրերի, մի քանի անգամ գնացել էր Մոսկվա, փորձել էր համոզել Զաքարյաններին, կաշառել, շահագրգռել նրան, սակայն փորձերը անցել էին ապարդյուն: Դատելով ստեղծված իրավիճակից եւ գործում արդեն իսկ արձանագրված փոփոխությունից՝ չի բացառվում, որ Խաչատրյաններն ու Զաքարյանները, ի վերջո, համաձայնության գան:
Բայց ամեն դեպքում Հարություն Զաքարյանի մտերիմ շրջապատը՝ անձամբ հայրը, շարունակում են պնդել, որ Հարությունը ցուցմունք չի փոխել, իրենք չեն նահանջել, մինչդեռ մարզպետի շրջապատը հակառակն է պնդում՝ ասելով, որ, այո, ցուցմունք է փոխվել:
Այսպիսով, Տիգրան Խաչատրյանի ազատ արձակումը սարերի հետեւում չէ, իսկ այս օրերի ամենաբարդ խնդիրը մեկն է, թե որ իրավապահ մարմնի ուսերին կմնա տեղի ունեցած միջադեպի ողջ բեռը: Ասել է թե՝ որ մարմնի ղեկավարի ստորագրությամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին կվայելի ազատությունը:
Հ.Գ. Ի դեպ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդին` Մայիս Խաչատրյանը, որն ամիսներ շարունակ հետախուզման մեջ էր, զարմանալի զուգադիպությամբ երեկ ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ԳԼԽԱՔԱՆԱԿ ՊԵՏՔ ՉԷ. ԳՆՈՒՄ ԵՆ ԳՈՄ ՍԱՐՔԵԼՈՒ

Մի քանի օր է, ինչ ֆեյսբուքյան «Շտապ հավաք» նախաձեռնությունը հանդես է գալիս կոչով, որում մասնավորապես ասվում է. «ՏՂԵՔ ՋԱՆ, ՇԱՏ ԵՆՔ ՔՆՈՒՄ!!! ՈՎԱ ՊԱՏՐԱՍՏ 15 ՕՐՈՎ ԲԱՐՁՐԱՆԱՆՔ ԴԻՐՔԵՐ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՄԵՐ ԽՈՍՔՆ ԱՍԵԼՈՒ??? ՈՎ ԻՐՈԳ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՄԻԱՆԱԼՈՒ, ԱՄՍԻ 28-ԻՆ ԺԱՄԸ 19:00-ԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ ԵՄ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՈՒ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼՈՒ, ՈՐ ԱՄՍԻ 1-ԻՆ ՇԱՐԺՎԵՆՔ… ՄԵՆԱԿ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ 18-Ը ՉԼՐԱՑԱԾՆԵՐ ՉԳԱՆ»: Բայց կարծես թե այս ոգեշնչող կոչին ոչ ոք չէր ցանկացել ականջալուր լինել եւ իր մասնակցությունն ունենալ նախաձեռնությանը, քանի որ Ազատության հրապարակը երեկ դատարկ էր: Ակցիայի կազմակերպիչ Հայկ Գրիգորյանի շուրջն էին հավաքվել ընդամենը մի քանի երիտասարդներ, որոնք հավանաբար Հայկի մտերիմներն էին:

Սակայն ուշագրավն այն էր, որ նախաձեռնության կազմակերպիչ Հայկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում լիովին հակասեց իր իսկ արած ֆեյսբուքյան հայտարարությանը, քանի որ սահման բարձրանալու մասին որեւէ բառ չասաց: Նրա խոսքով՝ սա հավաք-քննարկում է, եւ իրենց նպատակը սահմանամերձ բնակավայրի հայրենակիցներին սատարելն է, թեկուզ ինժեներական հարցերով եւ ոչ թե կռիվ գնալը կամ Ադրբեջանը գրավելը: Թեեւ նա չբացառեց սահման բարձրանալու տարբերակը, իհարկե, ՀՀ ՊՆ նախարարի թույլատվությունից հետո:
-Հա՛յկ, իսկ եթե մարդիկ չգան, եւ տապալվի այս ակցիան, ի՞նչ եք անելու:
-Բավական է՝ ովքեր կան, ուղղակի մի տեղ հավաքված չեն: Ինձ պետք չի, որ հազարով մարդիկ գան, ինձ պետք է քիչ, բայց որակով ռեսուրս: Այնպես չլինի՝ 150-200, 500 հոգով գրանցվեն, ասեմ՝ ժողովուրդ, գնում ենք, գան, տեսնեմ՝ 2 հոգի են կանգնած: Կոպիտ ասած, գլխաքանակ պետք չէ:
-Եթե հիմա ուժայինները գան ու Ձեզ ասեն, թե պատերազմի կոչ եք անում:
-Ինչ հիմքով պետք է ասեն: Բացարձակ պատերազմ չենք հրահրում:
-Ո՞վ է Ձեզ աջակցում, ո՞վ է Ձեր նախաձեռնության ղեկավարը:
-Ո՛չ նախագահ, ո՛չ վարչապետ, ո՛չ պետական ստրուկտուրաներից, ո՛չ կուսակցություններից բացարձակ չեն աջակցում: Եթե ինչ-որ բան ստացվի, անենք, անձամբ իմ եւ իմ ընկերների միջոցներով: Ուրիշ ոչ մեկ պետք չէ: Ու հատուկ կնշեմ, որ ոչ մի կուսակցություն, կազմակերպություն մեր մաքուր գործը չկեղտոտի իրենց անհեթեթ գաղափարներով: Բացարձակ ոչ մեկ կապ չունի դրա հետ: Իմ մտահղացումն է. երկար եմ մտածել: Այնպես չէ, որ պահի տակ տաքացա, որոշեցի, չէ, մի քանի ամիս է՝ մտածել եմ:
-Իսկ բանակի քեֆ չե՞ք անելու, որ ուրախ տրամադրությամբ գնաք:
-Բանակի քեֆ արել եմ համարյա 20 տարի առաջ: Բանակ չենք գնում: Մեր նպատակն է՝ 10-15 օրով սահմանի բնակավայրերում լինել` Չինարի, Պառավաքար կամ այլ գյուղ: Գնում ենք սատարելու, թեկուզ կլինի գոմ սարքել, որ պայթյունի արդյունքում քանդվել է:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ Է ՄԱՀԱՑԵԼ
Արտառոց դեպք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատապարտյալ Կարեն Ֆիթլջյանը սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացել է բուժօգնությունն ուշացնելու պատճառով:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, Աբովյան քաղաքի բնակիչ Կարեն Ֆիթլջյանը քրեակատարողական հիմնարկում մի քանի օր շարունակ վատ է զգացել եւ այդ մասին տեղյակ է պահել ՔԿՀ պատասխանատուներին, սակայն, ամենայն հավանականությամբ, ՔԿՀ պատասխանատուները ընթացք չեն տվել դատապարտյալի բողոքին: Արդյունքում սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը՝ ժամը 5:40-ի սահմաններում, Կարենի ինքնազգացողությունը այն աստիճան է վատացել, որ ՔԿՀ պատասխանատուները շտապօգնություն են կանչել, սակայն չեն կարողացել Կարենի կյանքը փրկել:
Պարզեցինք, որ Կարեն Ֆիլթջյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էր գտնվում դեռեւս 2007 թվականից:
Նա այն մարդկանցից էր, որ 2001-ից մինչ 2007-ի հունվարը, ավազակախմբի հետ մտնելով մարդկանց բնակարանները, ներկայանում էին որպես «լույսի», «գազի» մարդ, թաղապետարանի աշխատակից, տնտղում բնակարանում թալանման ենթակա ինչ կա, իսկ երկու օր անց արդեն դիմակներով մտնում բնակարաններ՝ թալանի:
Հիշեցնենք, որ 2001-2007թթ. կատարվել էր 29 ավազակային հարձակում՝ հիմնականում Երեւանում եւ Կոտայքի մարզում:
Եվ, ահա, այս գործի շրջանակներում կալանավորվել էին Սարի թաղի բնակիչ, 1952-ին ծնված, նախկինում 8 անգամ դատապարտված Գագիկ Տոնոյանը՝ «Բազե» մականվամբ, Արսեն Բազոյանը, ՌԴ Ուլյանովսկի մարզի Պավլովսկի շրջանի բնակիչ Կարեն Պետրոսյանը՝ «Պետերբուրգ» մականունով, նախկինում 2 անգամ դատապարտված Հարություն Երիցյանը` «Քոռ» մականվամբ, 1978-ին ծնված Արման Սահակյանը՝ «Ֆշշ» մականվամբ, Աբովյանի բնակիչ, 1981-ին ծնված Կարեն Ֆիթլջյանը՝ «Ֆիթո» մականվամբ, որը նախկինում 3 անգամ դատապարտված է եղել, եւ այլք:
Իսկ Կարեն Ֆիթլջյանը ճանաչվել էր մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել 15 տարվա ազատազրկման: Նա քրեակատարողական հիմնարկում 8 տարի է անցկացրել, եւ մնացել էր 7 տարի:
Իսկ ի՞նչն էր դատապարտյալի մահվան պատճառը: ՀՀ ԱՆ ՔԿՀ լրատվական բաժնից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս պատմության մեջ զարմանալին այն է, որ Կարեն Ֆիթլջյանը օրեր շարունակ բարձրաձայնել է, որ ինքնազգացողությունը վատ է, սակայն ՔԿՀ ներսում «բանի տեղ դնող» չի եղել: Ստացվում է, որ ՔԿՀ անձնակազմի համար դատապարտյալը արժեք չի համարվում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս