Ռազմական ինստիտուտի հրամանատարի նախկին տեղակալը արտոնություններ էր ստեղծել սպանության մեջ մեղադրվող որդու համար. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ նոր քրեական գործ է հարուցվել: Ինչպես Armlur.am-ին հայտնեցին քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ քրեական գործի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել քրեական գործի նյութերով Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, և եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով) նոր քրեական գործ հարուցել:

Քրեական գործ հարուցվել է այն փաստով, որ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի՝ դեպքից առաջ դեռևս հրամանատարի տեղակալ Զարմիկ Մարկոսյանը 2014թ. օգոստոսից մինչև 2015թ. հունվարի 28-ը պարբերաբար հանձնարարաել է ենթակա համապատասխան սպաներին՝ առանց համապատասխան փաստաթղթերի ձևակերպման, իր որդուն՝ նույն զորամասի կուրսանտ Գնել Թևոսյանին, ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց և թույլատրել բացակայել զորամասի տարածքից: Դրանով իսկ արտոնյալ պայմաններ է ստեղծել Գ. Թևոսյանի համար: Այսպիսով, Գ. Թևոսյանն արհեստականորեն ստացել է առավելություն, ինչով զինծառայողների շրջանում ստեղծվել է անհավասարության մթնոլորտ:

Հիշեցնենք՝ Գնել Թևոսյանը կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրյալներից է: Դեպքից հետո նրա հայրը՝ նույն ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ հունվարի 29-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից ազատվել են նաև ռազմական ինստիտուտի պետի տեղակալներ, գնդապետներ Արմեն Ռազմիկի Մզիկյանը, Պողոս Գարուշի Աբրահամյանը։

Դեպքը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում: Երևանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին: Նրանք կալանավորված են:




Լրահոս