Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այսօր նախարարների կոմիտեին տեղեկացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբում Եվրոպայի խորհրդի մասնակցությունը կասեցնելու՝ իր որոշման մասին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամլո գրասենյակը:
«Սկսած 2014 թվականի հոկտեմբերից, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները մասնակցում էին Բաքվում անցկացվող հանդիպումներին, որոնց նպատակը Ադրբեջանի իշխանությունների և հասարակության միջև երկխոսության վերականգնումն էր:
Չնայած այդ նախաձեռնությանը, մարդու իրավունքների վիճակն, ընդհանուր առմամբ, այդ երկրում էապես վատացել է: Աճում է բանտարկված իրավապաշտպանների թիվը: Եվրոպայի խորհուրդը տագնապեցնող տեղեկություններ է ստացել ազատազրկման վայրերում նրանց պահման պայմանների վերաբերյալ:
ԵԽ գլխավոր քարտուղարն իր այդ որոշման մասին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- նշված է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամլո գրասենյակի հաղորդագրության մեջ: