Սահմանամերձ գյուղերի բնակիչները պետք է զգան, որ մենակ չեն, որ ամուր թիկունք ունեն. Ռալֆ Յիրիկյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը պետական սահմանից ընդամենը 1,5 կմ հեռավորության վրա է գտնվում:

Գյուղի դիրքն այն խոցելի է դարձնում հակառակորդի կողմից արձակվող կրակահերթերի համար: Գյուղացիները, սակայն, հաստատակամ են և ուժեղ ավելի, քան երբևէ: Նրանք վստահ են, որ խաղաղ օրերը վաղ թե ուշ գալու են: Եվ, չնայած անհանգիստ ժամանակների բոլոր դժվարություններին, զբաղվում են խաղողագործությամբ, շարունակում մշակել իրենց հողը և ապացուցում, որ վճռականությունն ու հայրենիքը պաշտպանելու կամքն ավելի ամուր են: Ներքին կարմիրաղբյուրցիներն արդարացիորեն իրենց սահմանապահ են համարում:

unnamed (4)

Բաբկեն Ավագյանը շատ խորն է զգացել պատերազմի դառնությունը: Նրա օջախի պատերը այդ օրերի լուռ վկան են դարձել. տարիներ առաջ արկի պայթյունից տան մի հատվածը գրեթե ամբողջովին քանդվել է: Ավագյանները, սակայն, ոչ միայն չեն հուսահատվել, այլև աջակցող կազմակերպությունների հետ ձեռք-ձեռքի՝ շինարարություն են սկսել: Տուն կառուցելու նրանց վաղեմի երազանքն իրականություն է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» շնորհիվ: Ֆինանսական աջակցությունից բացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը մասնակցել են Ավագյանների կիսակառույց տան շինարարությանը:

unnamed (1)

«Վերջին շրջանում հաճախակի դարձած կրակոցներն անգամ անկարող են կոտրել մեր ոգին: Կրակոցներն այսքան ինտենսիվ չէին եղել 1993թ.-ից ի վեր: Սակայն մեզ դրանով չեն վախեցնի. մենք պետք է կառուցենք ու ստեղծենք՝ որքան էլ կրակեն: Թո՛ղ թշնամին իմանա, որ այստեղից ոչ մի տեղ չենք գնալու, սա է մեր տունը, սա է մեր հողը»,- ասել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Բաբկեն Ավագյանը:

«Այս այցելությունն առավելապես հոգեբանական նշանակություն ունի: Ցանկացած հայ կարող է ինքնուրույն տուն կառուցել: Կրակոցների տակ տուն կառուցելը, սակայն, այնքան էլ հեշտ չէ: Սահմանամերձ գյուղերի բնակիչները պետք է զգան, որ մենակ չեն, որ ամուր թիկունք ունեն: Մենք փորձում ենք նրանց այդ վստահությունը փոխանցել՝ անձամբ մասնակցելով իրենց տան շինարարությանը: Շինարարական աշխատանքներից հետո մենք հեռանալու ենք այստեղից, իսկ Ավագյանները մնալու են՝ ամուր պահելով մեր սահմանը: Պետք է կարողանանք գնահատել հողին տեր լինելու նրանց բարձր գիտակցությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

unnamed (2)

«Այս ընտանիքների յուրաքանչյուր անդամ հերոս է՝ մեծից փոքր: Սահմանամերձ գյուղերի բնակիչների համար առօրյա խոսակցությունը կրակոցներն են ու զենքի տրամաչափը: Այս մարդիկ ապրում են անդադար կրակի տակ, այգի են մշակում, աշխատանքի գնում, դպրոց տանում իրենց երեխաներին: Նրանց ոգին իսկապես անկոտրում է: Նվազագույնը, որ կարող ենք անել սահմանամերձ գյուղերի բնակիչների համար, կենցաղային տարրական հարմարություններ ապահովելն է»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ, միայն 2014թ.-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի 16 ընտանիք կարողացել է լուծել բնակարանային խնդիրը: Մինչև տարեվերջ ևս 11 ընտանիք կապրի բարեկարգ պայմաններում:

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացնում է ծրագիրը: Այս համագործակցության շնորհիվ՝ 2007թ.-ից մինչ օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք կացարանով է ապահովվել: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:




Լրահոս