Եթե փակում եմ կյանքի որևէ էջ, այլևս չեմ վերաբացում այն. Սյուզի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սյուզին տեւական ժամանակ էկրաններին չերեւալուց հետո հեռուստադիտողներին ներկայացավ բոլորովին նոր` «Աջ թե ձախ» նախագծում, որի շրջանակներում ինքն ու դերասան Դավիթ Թադեւոսյանը շրջագայում են տարբեր երկրներում: Սյուզին «Ժողովուրդ»-ին պատմել է իր ճամփորդությունների, կադրից դուրս գրանցվող հետաքրքիր դեպքերի մասին: Նա խոսել է երգարվեստ վերադառնալու հնարավորության շուրջ, անդրադարձել նաեւ անձնական կյանքին:

-Սյուզի՛, «Աջ թե ձախ» հեռուստանախագիծը Ձեզ ինչո՞վ գրավեց, արդեն ո՞ր երկրներում եք հասցրել նկարահանումներ անել:

11993167_807587682694243_1302555997_o

-Բավականին երկար մտածելուց հետո համաձայնությունս տվեցի առաջարկին: Բանն այն է, որ յուրաքանչյուր առաջարկ ընդունելուց առաջ հաշվի եմ առնում` արդյոք իմ տեսակին համապատասխանում է ձեւաչափը, թե ոչ: Առաջին երկիր մեկնելուց եւ վերադառնալուց հետո ամբողջովին համոզվեցի, որ ճիշտ եմ վարվել: Ճամփորդելն ինձ համար նշանակում է ապրել: Մանկուց ճամփորդում եմ ու աշխարհի շատ տարբեր երկրներում եմ եղել, բայց հաղորդման շրջանակներում մեկ այլ հետաքրքիր հոգեվիճակ է փոխանցվում: Կարծում եմ` ամենատպավորիչ երկիրը Հորդանանն էր, երեւի այն ենթագիտակցորեն կապում եմ Հիսուսի՝ Հորդանան գետում մկրտվելու հետ, որտեղ ես եւս մկրտվեցի:

-Դերասան Դավիթ Թադեւոսյանի հետ հետաքրքի՞ր է աշխատել, ի՞նչ հիշարժան, գուցե զվարճալի միջադեպեր են գրանցվում Ձեր համատեղ աշխատանքում:

-Առհասարակ, մեր ողջ թիմի հետ է հետաքրքիր աշխատելը: Անչափ սիրում եմ մեր թիմը: Բոլորին հասցրեցի կարճ ժամանակահատվածում գնահատել: Դավիթն, անկասկած, տաղանդավոր դերասան է: Ինչ վերաբերում է միջադեպերին, ասեմ Ձեզ, որ, օրինակ` Մոնտենեգրոյում, առհասարակ, չգիտեն, թե ինչ է խորովածը եւ թե ինչպես է այն պատրաստվում: Մի օր էլ, հերթական նկարահանումներից հետո, գրեթե լուսադեմին, երբ բոլորս մահանում էինք հոգնածությունից, մեր տղաները որոշեցին միս գնել եւ մոնտենեգրացի մեր ընկերներին խորոված հյուրասիրել: Դավիթն անմահական համեղ խորոված պատրաստեց, ու մենք մեծ սեղան նստեցինք, եւ սեղանն աստիճանաբար մեծանում էր, քանի որ մարդիկ ավելանում էին: Հենց այդպես էլ լուսացրինք այդ օրը (ծիծաղում է):

-«Աջ թե ձախ»-ի շրջանակում արված մի քանի լուսանկարի հրապարակումից հետո շատերը նկատեցին, որ Դուք քթի պլաստիկ վիրահատություն եք արել, այդպե՞ս է:

syuziii

-Բացահայտում չեմ անի, եթե ասեմ, որ կոնտուրային շպարի միջոցով՝ լույսի ու ստվերի ճիշտ համադրությամբ, կարող ես ընդգծել կամ թաքցնել դեմքի առավելություններն ու թերությունները: Կոնտուրային շպարի աստվածուհին Քիմ Քարդաշյանն է, եւ այն բոլոր աղջիկները, ովքեր ցանկանում են, որ քիթն ավելի նեղ երեւա, իսկ այտոսկրերն ավելի ընդգծված, կարող են ուսուցողական տեսանյութեր դիտել կամ լավ դիմահարդարի դիմել, ինչպես ես:

-Շուրջ 4 տարի է` էկրաններին չէիք երեւում, չէի՞ք կարոտել էկրանը, երգչուհու կարիերան էլ չի ձգո՞ւմ: PanArmenian Media Group-ի միջազգային հարաբերությունների մասնագետ լինելով` գրասենյակային կյանքից երբեմն չե՞ք հոգնում:

-Սիրահարված եմ աշխատանքիս: Երբեմն զարմանում եմ, թե ինչպես այսքան արագ անցան տարիները: Ինքս ինձ էկրաններից իզոլացնելը քաջ գիտակցել եմ եւ չեմ փոշմանում: Կարծում եմ` հաղորդումից հետո երգարվեստ եւս կվերադառնամ:

-Հնարավո՞ր է` մի օր «Հայք» խմբի հետ կրկին հանդես գաք, հիթային ստեղծագործություններ ծնվեն…

-Ո՛չ: Եթե փակում եմ կյանքի որեւէ էջ, այլեւս չեմ վերաբացում այն:

-Հայկական երգարվեստի ներկայացուցիչների հետ կապը պահո՞ւմ եք, վերջին տարիներին նրանցից մի տեսակ առանձնացած չե՞ք:

-Սիրելիներս նույնն են: Ոչինչ չի փոխվել: «Հայաստանի ձայնը» նախագիծն իրականացնող խմբի մեջ լինելով` ավելի հաճախ էի շփվում արտիստների հետ, քան երբ երգարվեստում էի, եւ համատեղ համերգներ էինք ունենում:

-Մի առիթով նշել եք` դժվար է համաձայնել, որ երկրորդ մարդ ներխուժի քո անձնական կյանք…Ինքներդ վախենո՞ւմ եք այդ «ներխուժումից»: Մտածում եք, որ կարող եք կորցնե՞լ Ձեր ազատությունը, մենությունը…

-Մենակ լինելը չի նշանակում, որ դուք ոչինչ չգիտեք սիրո մասին, այլ չափազանց շատ բան գիտեք եւ համբերատար սպասում եք:

12096212_936956669718733_1843256806705403197_n

-Տղամարդու ո՞ր տեսակն է Ձեզ համար համակրելի, եւ ինչպիսի՞ տղամարդ չի կարող լինել Ձեր կողքին…

-Նախընտրում եմ կարծրատիպեր չստեղծել ինձ համար: Կարծում եմ` պետք է սիրել՝ ոչ թե փնտրելով իդեալական մարդու, այլ սովորել տեսնել ոչ իդեալական մարդուն` իդեալական կերպով:

-Մտածո՞ւմ եք բիզնես-լեդիի կերպարի մասին, Ձեզ այդպիսին պատկերացնո՞ւմ եք:

-Շնորհակալ եմ, հետաքրքիր գաղափար տվեցիք (ծիծաղում է): Իսկ իրականում եղբայրներս հաճախ են առաջարկում, սակայն դեռեւս չեմ հանդգնի:

-Այս պահին ի՞նչ մեծ նպատակ ունեք:

-Նպատակն առանց ծրագրի պարզապես ցանկություն է: Ցանկություններս շատ են, բայց այս ժամանակահատվածում ամեն ինչ հարթ է իմ կյանքում ու խաղաղ: Էլ ի՞նչ է պետք (ժպտում է)…

Աննա Բաբաջանյան




Լրահոս