«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի խորհրդարանականների պատվիրակություն է մեկնել Ժնեւ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ: Այցելությունը, որը սկսվել է հոկտեմբերի 17-ին եւ կավարտվի վաղը, ԱԺ-ում բուռն քննարկումների առարկա է դարձել: Բանն այն է, որ ԱԺ պատվիրակության կազմում միակ պատգամավորը Գալուստ Սահակյանն է, իսկ մնացած 7 անդամները ներկայացնում են աշխատակազմը:
Նրանք են՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիագովը, արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբյանը, մեկ թարգմանիչ եւ երկու օպերատոր: Ի դեպ, Ժնեւ մեկնած պատվիրակության կազմում պատգամավորներ չընդգրկելը պատճառաբանվել է միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգով եւ ֆինանսների սղությամբ: Կարելի է կարծել՝ աշխատակազմի անդամներն իրենց հաշվին են Ժնեւ գնացել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: