Ինչ է պարզաբանում դատախազի՝ Աստծուց վախեցող դատավոր եղբայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանի համար սովորական օր է, չնայած որ նա քննել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը ընդդեմ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդու՝ Դերենիկ Ղեւոնդյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը: Դատավորը հավելեց, որ վախենալու բան չունի. «Միայն Աստծուց ենք վախենում»:

Հիշեցնենք, որ երեկ դատավոր Սերգեյ Չիչոյանը  մերժել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրայանի վարորդի որդու` Դերենիկ Ղեւոնդյանի խափանման միջոցը փոխելու հարցը:

Ինչպես հայտնել էինք՝ հոկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Դերենիկ Ղեւոնդյանին ազատ արձակելու մասին կայացրած Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Սակայն մարզպետի որդուն ազատ արձակելու մասով որեւէ քայլ այդպես էլ չարվեց: Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելուց հետո հաջորդը ազատության մեջ հայտնվեց Ղեւոնդյանը՝ շարունակելով մնալ մեղադրյալի կարգավիճակում:
Գործով դատավոր է նշանակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը:

Նրա եղբայրը Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արմեն Չիչոյանն է: Եվ, ահա, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սերգեյ Չիչոյանը «երկու քարի» արանքում է: Մի կողմում նրա հարազատ եղբայն է, որը դատախազությունում առանցքային պաշտոն է զբաղեցնում, իսկ մյուս կողմում Սյունիքի մարզպետի մտերիմների հարցն է:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանի հետ:

-Պարո՛ն Չիչոյան, հաշվի առնելով, որ Ձեր եղբայրը Շենգավիթ վարչական շրջանի դատախազն է եւ դատախազություն էլ բողոքարկել է մայիսի 2-ին Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ Դերենիկ Ղեւոնդյանի խափանման միջոցի հարցը: Այստեղ շահերի բախում չե՞ք տեսնում, հնարավո՞ր է ինքնաբացարկ հայտնեք:

-Ինչո՞ւ պետք է հայտնեմ, օրենքի պահանջ ենք կատարելու, այդքան բան: Ինչ կապ ունի՝ իմ եղբայրը դատախազ է, թե ոչ: Այդպես եթե ընդունենք, ուրեմն այսքան տարիներ ինչպես ենք աշխատել: Շահերի բախում չենք ունեցել, չի եղել եւ չի էլ կարող լինել:

-Իսկ մտավախություն չունե՞ք որոշում կայացնելուց առաջ, ի վերջո, երկու առանցքային կողմերի հետ գործ ունեք:

– Ումի՞ց վախենամ:

-Օրինակ՝ այն կողմից ում օգտին վճիռ չեք հրապարակելու:

-Բացարձակ չունեմ նման մտավախություն, ինչպես օրենքի պահանջն է, այդպես էլ կկատարվի:

-Պարո՛ն Չիչոյան, երբեւէ այսպիսի աղմկալի գործ քննե՞լ եք, թե՞ սա առաջին դեպքն է, երբ աղմկահարույց գործով պետք է որոշում կայացնեք:

-Իհարկե, քննել եմ, եւ որեւէ վախենալու բան չկա, մենակ Աստծուց ենք վախենում:

-Գաղտնիք չէ, որ դատական քաշքշուկների մեջ հայտնված անձանցից մեկը փորձում է դատավորների մոտ մարդիկ ուղարկել, մտերիմ, ծանոթ խառնել, կամ երբեմն լինում է հայտնի հեռախոսազանգ, ինչից հետո էլ դատարանը հօգուտ նշված անձի վճիռ է կայացնում: Այս իրավիճակի մասին բոլորը գիտեն: Ձեզ այս գործով փորձե՞լ են համոզել, որ գործն հօգուտ իրենց կայացնեք:

-Բացարձակ, ես ոչ մեկի չեմ տեսել եւ անձամբ ոչ էլ կարող եմ տեսնել:

-Իսկ եթե փորձե՞ն…

-Չեն կարող փորձել: Ինձ համար սովորական աշխատանքային օր է, չգիտեմ՝ մյուսների համար ինչպես է, ինձ համար սովորական աշխատանքային օր է, օրենքին համապատասխան որոշում կկայացվի, ինչպես օրենքն է, այնպես էլ կարվի:

Հավելենք, որ մինչ ՀՀ վերաքննիչ դատարանում կկայացվի մարզպետի վարորդի որդու խափանման միջոցի բողոքի մասով դատաքննությունը, «Ժողովուրդ»-ին իրազեկ աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախօրեին այս աղմկալի ծեծի գործով Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդու` Մայիս Խաչատրյանի եւ տուժող Մուշեղ Զաքարյանի միջեւ ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել առերեսում: Ըստ մեզ հասած տեղեկությունների` շուրջ 4 ամիս անց հետախուզման մեջ գտնվող եւ օրերս ինքնակամ ՀՀ իրավապահներին հանձնված Մայիս Խաչատրյանը հրաժարվում է ցուցմունք տալ: Ինչպես ասում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ Մայիսը «գողական է գնում»:

Քնար Մանուկյան




Լրահոս