Երեկ տեղի է ունեցել ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության 10-րդ համագումարը, որի ժամանակ Նարեկ Գալստյանը վերընտրվել է ՍԴՀԿ ատենապետ: «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել Նարեկ Գալստյանին՝ պարզելու համար, թե ինչպես է նրան հաջողվում «գրավել» ՍԴՀԿ ատենապետի պաշտոնը:
-Պարո՛ն Գալստյան, Դուք ՍԴՀԿ ատենապետի պաշտոնում ընտրվեցիք այն ժամանակահատվածում, երբ ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, ու այս անգամ էլ, փաստորեն, կրկին ատենապետ ընտրվեցիք, երբ հայտնի դարձավ, որ Տիգրան Սարգսյանը նշանակվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ: Դրանք զուգադիպություննե՞ր են, թե իսկապես Տ. Սարգսյանը կապ ունի այդ ամենի հետ:
-Մի հայտնի ասացվածք կա, չէ՞, որ ասում են՝ մի գիժ քարը գցում է փոսը, մի քանի հոգով չեն կարողանում հանել, հիմա այդ վիճակն է: Ոչ մի աղերս չունի, մեկը մյուսի հետ որեւիցե կապ չունի, որովհետեւ սա հերթական համագումարն էր, դեռեւս մեկուկես ամիս առաջ «Հայաստանի Հանրապետություն» թերթում այս հայտարարությունը տրված էր: Իսկ ես չեմ կարծում, թե մեկուկես ամիս առաջ նման խոսակցություններ կային, որ Տիգրան Սարգսյանը ինչ-որ պաշտոնի է նշանակվելու: Հավատացնում եմ, որ Ձեր ասածները մեկը մյուսի հետ որեւէ առնչություն չունեն: Ու, ընդհանրապես, ի՞նչ կապ ունի Տիգրան Սարգսյանը ՍԴՀԿ-ի հետ: Ես չեմ հասկանում, թե ինչ կապ եք գտնում, որեւէ կապ չեմ տեսնում:
-Գաղտնիք չէ, որ Տիգրան Սարգսյանը մշտապես հետաքրքրվել է ՍԴՀԿ-ով, մամուլում էլ պարբերաբար նշվել է այդ կուսակցությունն «իրենով անելու»` նախկին վարչապետի եւ Ձեր նախկին ղեկավարի ջանքերի մասին: Ի դեպ, Տիգրան Սարգսյանը ժամանակին չէր թաքցնում, որ խնդիր է դրել միավորել ավանդական կուսակցությունները, այնպես որ, կապերն ավելի քան տեսանելի են, այլ խնդիր, որ Դուք դրանք չեք տեսնում:
-Միավորելո՞ւ, ճիշտն ասած` ես իրենից նման բան չեմ լսել, կարող է՝ ինչ-որ կարծիք է հայտնել, բայց միավորման հետ կապված որեւէ բան չեմ լսել, համենայնդեպս, Տիգրան Սարգսյանը որեւէ կապ չունի ՍԴՀԿ 10-րդ համագումարի հետ: Դրանք ժամանակային զուգադիպություններ էին: Պետք չէ արհեստական ինչ-որ կապեր փնտրել
-Ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել Ձեր նախկին ղեկավարին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին:
-Հիմա չեմ կարող հիշել, բայց 6-7 ամիս է, ինչ նրան չեմ հանդիպել:
-Իսկ ո՞վ է ֆինանսավորում ՍԴՀԿ-ն, ինչպե՞ս եք լուծում կուսակցության ֆինանսական խնդիրները:
-Հնչակյան կուսակցությունն ինքնաբավ կառույց է ու որեւիցե մեկի կողմից ֆինանսավորվելու կարիք չունի:
-Բայց Հայաստանում շատ դժվար է առանց հովանավորի կուսակցություն «պահել», ՀՀ-ում կուսակցությունները հովանավորում են կա՛մ գործարարները, կա՛մ պետական պաշտոնյաները: Նշվում է, որ ՍԴՀԿ-ն էլ ֆինանսավորում է Տիգրան Սարգսյանը, ի՞նչ կասեք:
-ՍՀԴԿ-ն ունի մեկ հովանավոր, դա մեր կուսակցականներն են, միանշանակ մենք որեւէ հովանավորության խնդիր չունենք, ու ես չեմ հասկանում, թե ինչու է շահարկվում այս թեման: Եթե ինչ-որ մի բան, ինչ-որ մի ձեւով է իրականացվում, դա դեռ չի նշանակում, որ բոլոր տեղերում նույնն է: Ես անկեղծ չեմ հասկանում այն ձեւաչափը, որով առաջնորդվում են՝ ո՞վ է կուսակցությունը ֆինանսավորում, ի՞նչ է անում եւ այլն: Հնչակյան կուսակցությունն ունի իր կուսակցականները, իրենք էլ, Ձեր խոսքով ասեմ, հովանավորում են: Իրականությունը սա է:
-ՍԴՀԿ-ն նաեւ հայտարարել է, որ «այո» է ասելու սահմանադրական փոփոխություններին, ինչո՞ւ: Մի՞թե Դուք էլ եք այն կարծիքին, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի քաղաքացին նոր երկրում է ապրելու, եւ ամեն ինչ դեպի լավն է փոխվելու Սահմանադրության փոփոխությունից հետո:
-Մենք համագումարի ժամանակ որոշում ենք կայացրել, որ չենք միանալու որեւէ նախաձեռնության, չեն միանալու «այո»-ի ընդհանրական շտաբին: Մենք առանձին ենք ամեն ինչ անելու, ես կարծում եմ, որ Հայաստանը խորհրդարանական մոդելով ավելի լավ է աշխատելու: Մենք ինքներս ենք փորձելու ժողովրդին եւ մեր համակիրներին բացատրել խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները եւ անհրաժեշտությունը: Մենք փորձելու ենք հասկանալ, թե որքան էլեկտորատ ուտենք, եւ մեր խոսքը որքան կշիռ ունի հասարակության համար: Մենք գնում ենք փորձնական քարոզարշավի ու ընտրության: Քարոզարշավը կլինի, հանրաքվեն կիրականացվի, ու ամեն ինչ ավելի հստակ կլինի: Պետք չէ խոսել մի բանից, որը դեռեւս տեղի չի ունեցել, պետք է ամեն ինչ անել հերթով: Ժամանակը կգա, բոլոր հարցերի պատասխանները կստանանք բոլորս:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
Օրեր առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել էր Հայաստանի քաղաքական կյանքում դերակատարում ունենալու եւ նոր կուսակցություն հիմնելու ցանկության մասին: Հրավիրված ասուլիսի ժամանակ Աբրահամյանը խոսել էր նաեւ իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունների մասին՝ նշելով, որ ՌԴ-ում գործունեություն ծավալելիս կատարում է Վլադիմիր Պուտինի հանձնարարությունները եւ գործում նրա «դաբրոյով»:
Աբրահամյանի այս հայտարարությունները Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրին, եւ պարզվում է՝ լավ չի ընդունվել նաեւ Ռուսաստանի Դաշնությունում:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Rex գործակալության ղեկավար, Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական Մոդեստ Կոլերովի հետ:
-Պարո՛ն Կոլերով, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նա ՌԴ-ում գործում է Վլադիմիր Պուտինի «դաբրոյով»: Այդ նույն ասուլիսի ժամանակ նա նաեւ հայտարարեց, որ ցանկանում է Հայաստանում կուսակցություն ստեղծել: Այս հարցում նա նույնպե՞ս ստացել է Պուտինի «դաբրոն»:
-Հայաստանի գործիչներից ոչ ոք չի ունեցել եւ չի կարող ունենալ Պուտինի «դաբրոն»` Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու համար, քանի որ Պուտինը նրանց հետ պարզապես չի քննարկում այդ հարցերը: Դա յուրաքանչյուրի եւ Հայաստանի ներքին գործն է:
-Սակայն նա հստակ տվել է Պուտինի անունը: Ինչպե՞ս կարելի է դա բացատրել:
-Ես չգիտեմ, թե Աբրահամյանն ինչպես կարող է բացատրել այն փաստը, որ իր խոսքում Պուտինին ուղղված այդպիսի խոսքեր են եղել: Վստահ եմ` հենց Աբրահամյանն էլ չգիտի:
-Աբրահամյանի հայտարարություններից հետո շատ վերլուծություններ եղան, որ Պուտինը Հայաստանի քաղաքական կյանքի վրա այնքան է կորցրել իր ազդեցությունը, որ ցանկանում է ինքնադրսեւորվել Աբրահամյանի միջոցով: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին:
-Այդ «շատերի» մասին կարող եմ մեկ բան ասել. հիմարների տեսակետները թող մեկնաբանեն նրանց բարեկամները, ովքեր արդեն սովորել են նրանց հիմարությունները լսելուն:
-Նկատենք, որ ՌՀՄ նախագահի հայտարարությունները Հայաստանում լավ չընդունվեցին քաղաքական, հասարակական եւ լրատվական սեկտորների կողմից, նույնիսկ նրան հումորով վերաբերվեցին: Ռուսաստանում ինչպե՞ս են վերաբերվում Աբրահամյանին, եւ ի՞նչ եք կարծում` նա կարո՞ղ է քաղաքական առումով Հայաստանում հաջողության հասնել:
-Աբրահամյանին Ռուսաստանում ճանաչում են միայն Ռուսաստանի հայերի միության անդամներն ու նրա ծանոթները: Նա որպես քաղաքական կամ հասարակական գործիչ ուղղակի գոյություն չունի, որ կարողանա Ռուսաստանում հայտնի լինելու հույս ունենալ: Այդ պատճառով Աբրահամյանի` Պուտինի եւ Ռուսաստանի անունը շահարկելը ուղղակի ծիծաղելի է:
-Իսկ Ռուսաստանում վստահո՞ւմ են Արա Աբրահամյանին:
-Աբրահամյանը Ռուսաստանի վստահության կարիքը չունի. նա գլխավորում է Ռուսաստանի ամենահայտնի հայկական միություններից մեկը, դա բավական է: Եթե դաշնակցականները ցանկանային, ապա հիմա իրենք Ռուսաստանում հայտնի կլինեին, քանի որ պատմականորեն ամենահայտնի հայկական կազմակերպությունը հենց դաշնակցականներն են Ռուսաստանում: Եվ միգուցե Ռուսաստանում դաշնակցականների գլխավորը կրկին Աբրահամյանը լիներ:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՊԱՐՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանը անցած տարվանից մի շարք ընկերությունների պարտք է շուրջ 24 միլիոն դրամ: Մասնավորապես, Ջերմուկի քաղաքապետարանը 14 մլն 900 հազար դրամ պարտք է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, 8 մլն դրամ՝ քաղաքի աղբահանության եւ սանիտարական մաքրման համար եւ 1 միլիոն դրամ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: Թե ինչու Ջերմուկ քաղաքային համայնքը հնարավորություն չի ունեցել սեփական միջոցների հաշվին սահմանված ժամկետներում նշված պարտքերը մարել, անհասկանալի է մնում:
Արդյունքում Հայաստանի կառավարությունն առաջիկայում զբոսաշրջիկներով հարուստ Ջերմուկի քաղաքապետարանին կհատկացնի 29 մլն դրամ՝ պարտքերը մարելու համար: Ի դեպ, կառավարության կողմից հատկացվելիք գումարից 5 մլն դրամը ուղղվելու է քաղաքի սանիտարական մաքրման այս տարվա աշխատանքներն իրականացնելու եւ փողոցային լուսավորության ծախսերը փոխհատուցելու համար:
ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արմեն Գալստյանը անցած տարվա դեկտեմբերի 1-ից մեկ տարի ժամկետով գործուղվել է Ստրասբուրգ: Պարզվում է՝ Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը օրերս համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ իշխանություններին` խնդրելով Արմեն Գալստյանի գործուղման ժամկետը երկարաձգել եւս մեկ տարով: Հայաստանի կառավարության՝ վաղը կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է որոշման նախագիծ, որով նախատեսվում է եւս մեկ տարով երկարացնել Արմեն Գալստյանի՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործուղման ժամկետը:
ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ոսկու շուկա»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին չի հետաքրքրում, թե ինչ է եղել իր շուկայի՝ երկու ամիս առաջ անհետացած աշխատակցի ճակատագիրը: «Բացարձակ տեղեկություն չունեմ, այ մարդ, ես պարա՞պ եմ մնացել, հազար հատ գործ ունեմ իմ հարկերն եմ տալիս, բան: Իր ամուսինը թող հետաքրքրվի: Երեւի իր տաղավարն էլ ամուսինն է աշխատացնում, տեղյակ չեմ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վաղարշ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, «Ոսկու շուկա»-ի աշխատակից Նելլի Հարությունյանը դուրս էր եկել աշխատանքից՝ տուն գնալու, սակայն այդպես էլ տուն չէր հասել: Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեն կնոջ անհետացման փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի` սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցեց: Նշված քրեական գործի նախաքննությունը մինչ օրս շարունակվում է, սակայն անհետացման պատճառները դեռեւս մնում են չբացահայտված: