ԴԱՏԱԽԱԶԻ ԴԱՏԱՎՈՐ ԵՂԲՈՐ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանի համար սովորական օր է, չնայած որ նա քննելու է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը ընդդեմ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդու՝ Դերենիկ Ղեւոնդյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը: Դատավորը հավելեց, որ վախենալու բան չունի. «Միայն Աստծուց ենք վախենում»:

Ինչպես հայտնել էինք՝ հոկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Դերենիկ Ղեւոնդյանին ազատ արձակելու մասին կայացրած Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Սակայն մարզպետի որդուն ազատ արձակելու մասով որեւէ քայլ այդպես էլ չարվեց: Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելուց հետո հաջորդը ազատության մեջ հայտնվեց Ղեւոնդյանը՝ շարունակելով մնալ մեղադրյալի կարգավիճակում:
Գործով դատավոր է նշանակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը: Նրա եղբայրը Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արմեն Չիչոյանն է: Եվ, ահա, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սերգեյ Չիչոյանը «երկու քարի» արանքում է: Մի կողմում նրա հարազատ եղբայն է, որը դատախազությունում առանցքային պաշտոն է զբաղեցնում, իսկ մյուս կողմում Սյունիքի մարզպետի մտերիմների հարցն է:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանի հետ:
-Պարո՛ն Չիչոյան, հաշվի առնելով, որ Ձեր եղբայրը Շենգավիթ վարչական շրջանի դատախազն է եւ դատախազություն էլ բողոքարկել է մայիսի 2-ին Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ Դերենիկ Ղեւոնդյանի խափանման միջոցի հարցը: Այստեղ շահերի բախում չե՞ք տեսնում, հնարավո՞ր է ինքնաբացարկ հայտնեք:
-Ինչո՞ւ պետք է հայտնեմ, օրենքի պահանջ ենք կատարելու, այդքան բան: Ինչ կապ ունի՝ իմ եղբայրը դատախազ է, թե ոչ: Այդպես եթե ընդունենք, ուրեմն այսքան տարիներ ինչպես ենք աշխատել: Շահերի բախում չենք ունեցել, չի եղել եւ չի էլ կարող լինել:
-Իսկ մտավախություն չունե՞ք որոշում կայացնելուց առաջ, ի վերջո, երկու առանցքային կողմերի հետ գործ ունեք:
-Ումի՞ց վախենամ:
-Օրինակ՝ այն կողմից ում օգտին վճիռ չեք հրապարակելու:
-Բացարձակ չունեմ նման մտավախություն, ինչպես օրենքի պահանջն է, այդպես էլ կկատարվի:
-Պարո՛ն Չիչոյան, երբեւէ այսպիսի աղմկալի գործ քննե՞լ եք, թե՞ սա առաջին դեպքն է, երբ աղմկահարույց գործով պետք է որոշում կայացնեք:
-Իհարկե, քննել եմ, եւ որեւէ վախենալու բան չկա, մենակ Աստծուց ենք վախենում:
-Գաղտնիք չէ, որ դատական քաշքշուկների մեջ հայտնված անձանցից մեկը փորձում է դատավորների մոտ մարդիկ ուղարկել, մտերիմ, ծանոթ խառնել, կամ երբեմն լինում է հայտնի հեռախոսազանգ, ինչից հետո էլ դատարանը հօգուտ նշված անձի վճիռ է կայացնում: Այս իրավիճակի մասին բոլորը գիտեն: Ձեզ այս գործով փորձե՞լ են համոզել, որ գործն հօգուտ իրենց կայացնեք:
-Բացարձակ, ես ոչ մեկի չեմ տեսել եւ անձամբ ոչ էլ կարող եմ տեսնել:
-Իսկ եթե փորձե՞ն:
-Չեն կարող փորձել: Ինձ համար վաղը (այսօր Ք.Մ) սովորական աշխատանքային օր է, չգիտեմ՝ մյուսների համար ինչպես է, ինձ համար սովորական աշխատանքային օր է, օրենքին համապատասխան որոշում կկայացվի, ինչպես օրենքն է, այնպես էլ կարվի:
Հավելենք, որ մինչ ՀՀ վերաքննիչ դատարանում կկայացվի մարզպետի վարորդի որդու խափանման միջոցի բողոքի մասով դատաքննությունը, «Ժողովուրդ»-ին իրազեկ աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախօրեին այս աղմկալի ծեծի գործով Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդու` Մայիս Խաչատրյանի եւ տուժող Մուշեղ Զաքարյանի միջեւ ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել առերեսում: Ըստ մեզ հասած տեղեկությունների` շուրջ 4 ամիս անց հետախուզման մեջ գտնվող եւ օրերս ինքնակամ ՀՀ իրավապահներին հանձնված Մայիս Խաչատրյանը հրաժարվում է ցուցմունք տալ: Ինչպես ասում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ Մայիսը «գողական է գնում»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԿՅԱՆՔԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի ազատ արձակմանը, համացանցի իր էջում գրառում էր արել, որում ասվում է. «Երբ իմացա, որ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին դատարանն ազատություն է շնորհել դատապարտման օրվանից ուղիղ 20 տարի անց, ոգեւորությունս մեծ էր: Սողոմոն Քոչարյանի հետ ծանոթացել եմ անձամբ՝ նրա նույնականացման քարտը հանձնելու ժամանակ: Այսօր արդեն էական չէ, որ ինձ ժամանակին չհաջողվեց լուծել նախկին հետախույզին ազատություն վերադարձնելու հարցը, այս պահին, առավել քան երբեւէ, կարեւոր է նրա առողջական վիճակը: Ի սրտե քեզ առողջություն եմ մաղթում, Սողոմո՛ն, պի՛նդ կաց, քեզ ուժ եւ տոկունություն՝ ոտքի կանգնելու եւ ազատության մեջ լիիրավ ապրելու համար…»:
ArmLur.am-ը նախկին նախարարից փորձել էր ճշտել, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչն էր խանգարում լուծել նախկին հետախույզի ազատ արձակման հարցը: Ի պատասխան՝ Հովհաննես Մանուկյանն ասել էր. «Իմ կարծիքով՝ արել եմ առավելագույնը դրա համար: Բայց կյանքը ցույց է տալիս, որ, միգուցե, ջանքերս առավելագույնը չեմ օգտագործել: Բոլոր դեպքերում ուրախ եմ նման արդյունքի համար: Սա լավ նախադեպ է»:
Իհարկե, ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարի համար Քոչարյանի ազատ արձակումը հրաշալի նվեր էր ինքնագովազդի համար: Գուցե դրա համար Հովհաննես Մանուկյանին չհաջողվեց իր պաշտոնավարման օրերին լուծել խնդիրը:

 

 

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Երեկ՝ երեկոյան, ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում անտառապահի են ձերբակալել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա Անդրանիկ Մարգարյանն է: Ըստ երեւույթին, նրան ձերբակալել են այն պահին, երբ ապօրինի գործողություններ է արել:

 

ԵՐԿՈՒՍԸ` ՄԵԿՈՒՄ
Հայաստանում սահմանադրական հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին, մի շարք գյուղերում կկայանան նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ինչպես հոկտեմբերի 22-ին կայացած կառավարության նիստում հայտնել է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ընտրությունների անցկացման համար բյուջեից կհատկացվի մոտ 67.1 մլն դրամ, այդ թվում՝ 65.8 մլն դրամը ԿԸՀ-ին, իսկ 1.4 մլն դրամը՝ ոստիկանությանը։
Ընտրությունները կայանալու են Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի 33 գյուղական համայնքներում։

 
ԴԺԳՈՀ ԵՆ
Ցմահ ազատազրկվածների հարազատները դժգոհ են իրենց հարազատների գործերի վերանայման պահանջով նախագահին ուղղված նամակի պատասխանից: Ցմահ ազատազրկված Արթուր Քոչարյանի մայրը` Ֆենյա Քոչարյանը, NEWS.am-ին ասել է, որ իրենց նախագահականից հաղորդել են, թե պատասխանը կլինի մեկ ամսից:

 

ԽՆԴՐԱՆՔՆԵՐԻ ՈՒԺԸ
2014-ի մայիսի 17-ին Երեւանի «Վերնիսաժ» տոնավաճառում հնչած կրակոցների գործով երեք մեղադրյալներին էլ՝ Գոռ Առաքելյանին, Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին, առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, նախօրեին դատապարտեց ազատազրկման՝ համապատասխանաբար՝ 6.5, 3 եւ 2 տարվա: Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Գոռ Առաքելյանին դատարանը «զիջեց»: ArmLur.am-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ նրա խնդրով ոչ թե մեկ, այլ մի քանի հոգի է զբաղվել: Ըստ աղբյուրի` Կարո Կարապետյանն անձամբ է հանդիպել նախագահին, ավելի ուշ որպես միջնորդ ուղարկել նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանին: Բացի այս՝ խնամուն ազատ արձակելու սրբազան գործին էր լծվել նաեւ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, Գոռ Առաքելյանի եղբոր կնոջ՝ երգչուհի Լուսինայի հայրն է: Ի դեպ, ուշագրավ է, որ բոլոր խնդրանք-հորդորներին Սերժ Սարգսյանը նույն պատասխանն է տվել՝ միեւնույն է՝ Գոռը չպետք է կրակեր, թեկուզ ինքնապաշտպանության համար: Արդյունքում ստացվում է՝ խնդրանքներն արժեցան 3 տարի, քանի որ դատախազը պահանջել էր 9 տարի, բայց տվեցին 6.5:

 

ՀԻՄՔԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը եւ քարտուղարը բացահայտ կերպով նախ ապատեղեկատվություն են տարածում, իսկ այնուհետեւ դրա հիման վրա իրավապահպան մարմիններին ուղղորդում են բռնություն գործադրելու ընդդիմադիր ուժերի, առաջին հերթին՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նկատմամբ»: Մասնավորապես՝ վարչախումբը, ինչպես նաեւ նրան սպասարկող լրատվամիջոցները անհիմն կերպով սկսել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունները եւ նրա ընտրած քաղաքացիական խաղաղ անհնազանդության մարտավարությունը ներկայացնել որպես Սահմանադրությանը հակասող եւ բռնության կոչեր պարունակող արարքներ: Նման գործելաոճի նպատակն է ընթացիկ տարվա ընթացքում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ արդեն փորձարկված եղանակով արհեստական հիմքեր ստեղծել՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներին բռնությունների ենթարկելու, այդ թվում՝ նրանց կեղծ մեղադրանքներով ազատությունից զրկելու համար»:

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը խորհրդարանից պահանջում է քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Նախաձեռնությունը պատրաստվում է հոկտեմբերի 26-ին, ժամը 10։00-ից սկսած մինչեւ ԱԺ հերթական քառօրյայի ավարտը՝ հոկտեմբերի 29, ժամը 18։00, ԱԺ դիմաց անցկացնել բողոքի շուրջօրյա ակցիա:

 

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հոկտեմբերի 21-ին ինքնասպանության փորձ կատարած 29-ամյա ՌԴ քաղաքացուն ոստիկանությունը բերման է ենթարկել: Ավելի վաղ NEWS.am-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հոկտեմբերի 21-ին՝ օրվա երկրորդ կեսին, դեսպանության անվտանգության աշխատակիցները նկատել են, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնության 29-ամյա քաղաքացին չարտոնված կերպով ներխուժել դեսպանության տարածք, նրա մոտ ակնհայտ անհավասարակշռության նշաններ են նկատվել:




Լրահոս